«Թուրքական ապրանքների ներկրումը հիմնականում վերականգնվել է, այդ թվում՝ ԱԺ-ից ինչ-որ կուսակցության շարքերից շատ հստակ լոբբինգով»․ տնտեսագետ

Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա են եղել ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության և արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքին և ժամկետի երկարաձգմանը՝ 168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ այդ արգելքը զգալի մասով չի գործում, և այն երկարաձգելը կամ չերկարաձգելն էական բան չի փոխում:

«Թուրքիան լավ փորձ ունի սպառման ապրանքների արտադրության բավականին լավ գնի պայմաններով, որովհետև քանակն է շատ, սակայն այդ առաջարկը բացառիկ չէ։ Այսինքն, ինքը լավ է, բայց ոչ բացառիկ: Փոխարինելի է: Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Նախ՝ թուրքական ապրանքների բացակայությունից մեր շուկան լրջորեն չի տուժել, և գնաճն այդ ոլորտներում (որտեղ թուրքական ապրանքներ էին) մեծ չէ կամ ընդհանրապես չի նկատվում: Բայց իրականում, որքան հասկանում եմ, թուրքական ապրանքները չեն անհետացել, այսինքն՝ արգելքը մտցնելուց առաջ հսկայական ներմուծում է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է հումքին, ապա միշտ ներմուծվում էր, դրա վրա արգելքը չէր տարածվում»,- նշեց Հրանտ Միքայելյանը:

Նրա դիտարկմամբ՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տեխնիկապես չի գործում:

«Այսինքն, մենք տեսնում ենք՝ քաղաքում որտեղ եղել են թուրքական ապրանքներ, խանութներ, ինչքան հասկանում եմ՝ դրանք բոլորը կամ զգալի մասը կան: Հիմնականում ներկրումը վերականգնվել է, այդ թվում՝ ԱԺ-ից ինչ-որ կուսակցության շարքերից շատ հստակ լոբբինգով: Այսպիսով այդ արգելքը զգալի մասով չկա, և այն երկարաձգելը կամ չերկարաձգելը այդքան էլ չի փոխում որևէ բան»,- ասաց տնտեսագետը:

Հարցին՝ մենք կարողացա՞նք ամեն դեպքում փոխարինող շուկա գտնել, Հրանտ Միքայելյանը պատասխանեց.

«Թուրքական ապրանքների բացակայությունից մեր շուկան լրջորեն չի տուժել: Թուրքական ապրանք բերող մի քանի խանութներ կան, որոնք միշտ գործել են: Հիմա դրանք մենք փոխարինե՞լ ենք, թե՞ չէ: Մենք չենք փորձել փոխարինել, ու տնտեսվարողները փորձել են ուղղակի, ինչքան հնարավոր է՝ թուրքական ապրանքը շատ ներմուծեն, իսկ, որտեղ չեն ներմուծել, իհարկե, փոխարինել են: Թուրքիան որևէ հայտնագործություն չի արել: Որևէ ապրանք Թուրքիայում չկա, որը չլինի այլ երկրներում:

Այո, պարսկական շուկան ուրիշ է, չինականը, ռուսականը՝ ուրիշ, բայց Չինաստանն ունի շատ բաներ, որոնք ուրիշ երկրները չունեն: Ինչ ունի Թուրքիան՝ ունի նաև Չինաստանը, ու կարելի է փոխարինել: Եվ եթե առաջ չինական ապրանքների որակը ցածր էր, հիմա բավարար է: Բայց կան մարդիկ, ովքեր իրենց կապիտալը կառուցեցին Թուրքիայից ներմուծման հիման վրա, և նրանց համար բիզնեսը հավասար է Թուրքիայից ներմուծմանը: Իրենք այս առումով կտուժեն, որովհետև ուրիշ բան անել չգիտեն: Ամեն դեպքում՝ ադեկվատ արձագանք չկար մեր տնտեսվարող դաշտից և պետական մարմիններից, և հիմա տեսնենք, թե ոնց է զարգանալու»:

Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարության որոշմամբ` 2021թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքը։ Հունիսի 26-ի նիստում ՀՀ կառավարությունը վեց ամիս ժամկետով կրկին  երկարաձգեց թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի մասին որոշումը։ Իսկ հիմա արդեն քննարկում են այդ որոշումը վերանայելու հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930