Ի՞նչ ֆիլմ դիտել հանգստյան օրերին. աշնան վերջին օրերը՝ Նյու Յորքում
Զով եղանակ, վառ գույներ, սվիտներ և շարֆեր, տաք շոկոլադ և անուշաբույր թխվածքաբլիթներ: Հնարավոր չէ գտնել ավելի լավ եղանակ՝ ֆիլմ դիտելու համար: Իսկ ի՞նչ դիտել: Ընտրությունը մեծ է՝ հայկական կինոյից մինչև Հին Հոլիվուդ, բայց այսօր 168.am-ը որոշել է անդրադառնալ 1989 թվականին նկարահանված «Երբ Հարին հանդիպեց Սալիին» ֆիլմին: Իսկ թե ինչու հենց այս ֆիլմը, պատճառները շատ են: Առաջինը՝ Նյու Յորք: Եթե տարված եք ֆիլմերով, ապա գիտեք՝ Նյու Յորքում նկարահանված ֆիլմը դիտելը արդեն հաճելի է, հատկապես եթե քաղաքում աշուն է. ասում են՝ Նյու Յորքը հատկապես գեղեցիկ է ոսկեգույն տերևներով պատված ժամանակ:
Երկրորդը՝ նորաձևություն: Ամռանը, երբ հաճախ հագուստի ընտրությունը պարզապես կանգ է առնում ամենաբարակ և թեթև գործվածքների վրա, ապա աշնանային զով եղանակը հնարավորություն է տալիս կրել վառ երանգի սվիտերներ, վանդակավոր պիջակներ, գլխարկներ և դասական կաշվե բաճկոն, ինչը և անում են ֆիլմի հերոսները՝ Հարին (Բիլլի Քրիսթալ) և Սալին (Մեգ Ռայան): Երկու ոճային երիտասարդներ, որոնց սիրո պատմությունը ֆիլմը դիտելու գլխավոր պատճառներից մեկն է:
Աշնանը Նյու Յորք մեկնող Հարին և Սալին նոր են ծանոթանում և ճանապարհին քննարկում են՝ լինո՞ւմ է արդյոք ընկերություն կնոջ և տղամարդու միջև, ունեցե՞լ է արդյոք Սալին խելահեղ սեքս և թե ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան քաղաքում, ուր հնարավոր չէ հետաքրքիր կյանք չունենալ:
Ֆիլմի պատումը պտտվում է՝ արդյո՞ք հնարավոր է ընկերություն կնոջ և տղամարդու միջև մտքի շուրջ, ինչի վերաբերյալ Հարին և Սալին ունեն բոլորովին տարբեր մոտեցումներ: Սալին վստահ է, որ հնարավոր է, Հարին հակառակ կարծիքին է, թեև իրենց առաջին հանդիպումից տասը տարի անց դառնում է Սալիի լավագույն ընկերը:
Այնուամենայնիվ, Ամանորը շատ բան կարող է փոխել, որը ֆիլմը դիտելու չորրորդ պատճառն է: Հարիի և Սալիի ընկերությունը պետք է վերածվեր մեծագույն սիրո, ինչն իր վերջնական հաստատմանը հասնում է Ամանորի գիշերը, և ոչ որովհետև նրանք միայնակ էին, այլ որովհետև «երբ գտնում ես մեկին, ում հետ ցանկանում ես ապրել կյանքիդ մնացած մասը, ցանկանում ես, որ կյանքիդ մնացած մասը որքան հնարավոր է շուտ սկսվի»:
Պատրաստեք սենդվիչ (դիտեք ֆիլմը և կտեսնեք սենդվիչի բաղադրատոմսը) և վայելեք ռոմանտիկ ֆիլմը Ձեր հոգու ամենանրբին լարերով:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան