Մինչ ե՞րբ պիտի երկիրը վճարի այդ գինը
Մեր հասարակության մեջ կա մի զանգված, որն այդպես էլ չի գիտակցում, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով, ինչպիսի մեծ չարիք է պատճառել երկրին։ Այնքան են տարված նրա կեղծ թեզերով ու ստերով լցված ճառերով, որ կորցրել են իրականության զգացողությունը։ Ինչքան էլ այդ իրականությունը շատ դաժան է, մարդիկ չեն ուզում ընդունել։
Չեն ուզում ընդունել, որ խնդիրը ամենևին էլ իշխանությունը չէ. իշխանությունը երկրորդական է, երբ հարցականի տակ է պետության ապագան։
Ատելությունն այնքան է կուրացրել այս մարդկանց, որ պատրաստ են պետությունը մինչև վերջ տանել կործանման՝ հանուն մեկ մարդու։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, որի իշխանության այս կարճ ժամանակահատվածը Հայաստանի համար, այլ կերպ, քան կործանարար, դժվար է բնորոշել։
Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուց հետո երկիրը շատ ծանր գին է վճարել ու դեռ շարունակում է վճարել։
Վերջին տասնամյակներին երբևէ Հայաստանն այսքան թույլ ու անօգնական չէր եղել, ինչպես հիմա է։
Եվ դա Նիկոլ Փաշինյանի իշխանության պարգևն է այն հասարակությանը, որը կուրորեն հավատում է նրան։
Ցավոք, այդ պարգևը «վայելում են» ոչ միայն նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին բերեցին ու իրենց չգիտակցված արարքներով շարունակում են պահել իշխանության, այլև նրանք, ովքեր ամեն քայլափոխի տեսնում են այդ չարիքի հետևանքները։
Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու գինը տարածքային ու մարդկային այն հսկայական կորուստներն են, որոնք ունեցանք Արցախում ու Հայաստանի սահմաններին։ Այսօր էլ դրանք շարունակվում են։
Գուցե շատերը մտածում են, թե պարտվել ենք պատերազմում ու պիտի վճարենք այդ գինը։ Բայց այդպես չէ։ Այդ գինը այսօր էլ վճարում ենք բացառապես Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով։
Ճանապարհների ապաշրջափակման անվան տակ ստորագրել են փաստաթուղթ ու երկիրը դրել զոհասեղանին։ Հիմա էլ միջանցք են պահանջում Հայաստանի սուվերեն տարածքով ու սպառնում են չտրամադրելու դեպքում ուժով պարտադրել։ Օր օրի երկրի սահմանները փոքրանում են։ Նորանոր տարածքներ են զիջում թշնամուն ու դեռ արդարացումներ են փնտրում։
Չեն ուզում հասկանալ, որ իրեն պաշտպանել չկարողացող երկիրը չի կարող խաղաղության օրակարգ թելադրել։ Նման պայմաններում խաղաղության գինն ավելի ծանր է լինում։ Այն, ինչ վերջին շրջանում արտահայտվում է նոր տարածքների զիջման տեսքով։
Տարածքներ կորցնելու հետ եթե նույնիսկ ինչ-որ կերպ դեռ կարելի է հաշտվել, ապա ի՞նչ ասել մարդկային այն հսկայական կորուստների համար, որը բերեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին միայն պատերազմի ու համավարակի հետևանքով մարդկային կորուստները հասնում են հազարների։ Ավելի ստույգ՝ գրեթե 14-15 հազարի։ Շուրջ 4-5 հազար զոհ ունեցանք պատերազմի դաշտում։ Գրեթե 9 հազար մարդկային կյանք է խլել համավարակը։
Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է Հայաստանի նման փոքր երկրի համար։
Միայն թե պետք չէ ասել, որ ամբողջ աշխարհին է համավարակը մահեր պատճառել։ Այո՛, պատճառել է, բայց Հայաստանում դրանց մի մասը կարող էին և չլինել, եթե ժամանակին մատների արանքով չնայեին այդ ամենին։ Մարդիկ մահանում էին, որովհետև պետությունը չէր կարողանում ժամանակին բուժօգնություն տրամադրել։
Կարող էին չլինել նաև պատերազմի հազարավոր զոհերը։ Դրա համար պետք էր, որպեսզի իշխանության գլխին նստած մարդիկ կոմպետենտ լինեին, կարողանային ճիշտ գնահատել իրավիճակը, մի քիչ պետական մտածողություն ունենային. մտածեին ոչ թե իրենց իշխանությունը պահելու, այլ երկրի ու ժողովրդի անվտանգության մասին։
Երկիրը հասցրել են մի հանգրվանի, երբ սեղանին է դրված պետության լինել-չլինելու հացը։
Ի՞նչ է տվել Նիկոլ Փաշինյանն այս երկրին, որ չի կարողանում հետ ստանալ։
Ինչից խոսում ես, ասֆալտն են հիշում։ Բայց դրանով չէ, որ որոշվում է երկրի ապագան։
Ասֆալտ փռելով ո՛չ երկիր են պաշտպանելու, ո՛չ երկիր են շենացնելու, և ո՛չ էլ տնտեսություն են զարգացնելու։ Չեն ուզում հասկանալ, որ կարևորը ոչ թե ասֆալտապատ ճանապարհն է, այլ երկրի անվտանգությունը։ Երբ երկրի սահմանները պաշտպանված չեն, ու թշնամին ուզած ժամանակ անարգել առաջ է գալիս, ո՞ւմ է պետք ձեր արած ասֆալտը։
Ասֆալտ փռելով պետություն չեն կառուցում։ Պետությունը սկսվում է երկրի սահմաններից։ Եթե սահմանները պաշտպանված չեն, մնացածը սուտ է։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գինը այն պարալիզացված ու իմաստազրկված պետական համակարգն է, որն այսօր ունենք։ Երկրի անվտանգության խնդիրները լուծելու փոխարեն՝ պետական կառույցները զբաղված են մեկ մարդու իշխանությունը պահելով ու պահպանելով։
Պետական կառավարում, որպես այդպիսին, չկա։ Բազմաթիվ կառույցները, որոնց պահպանման համար քաղաքացին վճարում է, դադարել են կատարել այն ֆունկցիան, որի համար կոչված են։
Վաղուց Հայաստանում այսպիսի բարոյալքված պետական կառավարման համակարգ չէր եղել։
Խղճուկ վիճակում է տնտեսությունը։ Զարգացում գրեթե չկա։ Խոսքը միայն այս տարվա մասին չէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գրեթե 4 տարիներին տնտեսությունը չնչին աճ է ունեցել։ Միջին տարեկան հազիվ 2-3 տոկոս։ Այսպիսի աճերով Հայաստանը չի կարող զարգանալ ու ամրանալ։ Առավել ևս՝ առկա բազմաթիվ մարտահրավերների պայմաններում։
Նախորդ 4 տարիներին ամբողջությամբ ձախողել են երկրի տնտեսական քաղաքականությունը, հիմա եկել կրկին մեծ-մեծ խոստումներ են տալիս, 7-9 տոկոսանոց աճերից են խոսում։ Նախկինում էլ էին խոսում, և ի՞նչ ունենք այսօր՝ քայքայված ու պարտքերի տակ ճռռացող տնտեսություն, պառակտված, աղքատ ու հուսահատ հասարակություն։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գինն այն է, որ երկիրը արագորեն դատարկվում է։ Մարդիկ ապագա չեն տեսնում, հույսները կտրած հեռանում են։
Մինչև ե՞րբ պիտի երկիրը վճարի այս գինը։ Հանուն ինչի՞։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ