«Կեղտոտ քարոզչություն են անում, բայց որևէ ազդեցություն չի կարող ունենալ». Դավիթ Համբարձումյան
Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում տեղի է ունենալու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Մասիսի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի քաղաքապետի պաշտոնակատար Սայեն Հայրապետյանն է, ով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոյեմբերի 17-ին է նշանակվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սայեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր ժամը 13։00-ին կհանդիպի՝ նոր Խարբերդի, իսկ ժամը 16։00-ին՝ Այնթափի բնակիչների հետ։
168.am-ը ժամը 16։00-ից էլ շուտ գնաց Այնթափ՝ լուսաբանելու Ս. Հայրապետյանի քարոզարշավը և մի քանի հարց ուղղելու նրան, մասնավորապես, թե ինչո՞ւ է խուսափում հեռուստաբանավեճից Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, կամ ինչպե՞ս է պատրաստվում զարգացնել համայնքը, ինչպե՞ս է գնահատում իր ընտրվելու հնարավորությունները և այլն։ Սակայն պարզվեց, որ նա իր նշված ժամից մեկ ժամ շուտ էր եղել Այնթափում, հանդիպել էր որոշ բնակիչների հետ ու գնացել, ինչպես ասում են, տեսախցիկներից ու լրագրողների հարցերից խուսափելու համար։
168.am–ը զրուցեց նաև Մասիսի նախկին քաղաքապետ, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հետ։
– Պարոն Համբարձումյան, նախընտրական քարոզարշավն ինչպե՞ս եք գնահատում։ Հաշվի առնելով իշխանությունների ուղղվածությունը Ձեր նկատմամբ, նրանց կողմից այս ընթացքում որևէ խոչընդոտ տեսե՞լ եք։
– Ես ընկճվող մարդ չեմ, խոչընդոտներից խուսափող մարդ չեմ, որոշակի բաներ արել են, իհարկե, մեր չէ, թեկնածուների նկատմամբ։ Որոշակի կեղտոտ քարոզչություն են անում, փորձում են մարդկանց մեջ վախ մտցնել, բայց որևէ արդյունք կամ ազդեցություն չի կարող ունենալ իրենց արածը։ Մնացած առումով հանգիստ է, մի պահ պաստառներ էին պատռում, այրում, հիմա ուշադրություն չենք դարձնում։
Մենք մեր քարոզչությունն ենք անում, մեր համայնքի բնակիչները գիտեն, որ մենք ընդամենը մի մեքենայով ու մի քանի մարդկանցով գնում ենք, հանդիպում մեր բնակիչների հետ, ներկայացնում մեր ծրագրերը, տեսլականը, թե ինչպես ենք պատկերացնում Մասիս խոշորացված համայնքի առաջիկա 5 տարին։ Լսում ենք բնակիչներին, նրանց խորհուրդները, նրանց կարծիքներն իրենց համայնքների ապագայի վերաբերյալ։ Փորձում ենք նաև նրանց առաջարկները ներառել առաջիկա մեր աշխատանքների մեջ։ Նորմալ քարոզարշավ ենք անում, գոհ ենք մեր ազգաբնակչությունից, ամեն ինչ նորմալ է։
– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։
– Լավ, բնավորությամբ շռայլ խոսքեր ասող, մեծ-մեծ խոսող մարդ չեմ, Աստծո կամոք, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի։
– Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունը վարչական ռեսուրս կօգտագործի՞։
– Իրենց քարոզչությանը մասնակցում են դպրոցի աշխատակիցներ, կոլեկտիվի անդամներ, մարդկանց պարտադրելով, ստիպողաբար տանում են քարոզչության։ Նկատել եմ հանձնաժողովի անդամների, որոնք իրավունք չունեն զբաղվելու քարոզչությամբ, բայց մասնակցում են նման աշխատանքներին։ Նախկին իշխանություն համարվող բոլոր համայնքապետերին ներառել են իրենց ցուցակներում։ Կարծում եմ՝ սրանք արդեն վարչական ռեսուրսի կիրառման օրինակներ են։ Թե որքանով ազդեցություն կունենա իրենց վարչական ռեսուրս կիրառելը, դա ընտրությունները ցույց կտան։ Մնացած առումներով տեսանելի է իրենց անելիքները, մերն էլ։
– Ընտրություններում որո՞նք են Ձեր առավելություննեը, որ քաղաքացիները հենց Ձեզ պետք է ընտրեն։
– Իմ անցած 5 տարիները, որտեղ աշխատել եմ, ու մեր քաղաքացիները մեր աշխատանքը տեսել են։ Իհարկե, շատ կիսատ մնացած խնդիրներ, չկատարված գործեր կան, բայց կան նաև շատ կատարված աշխատանքներ։ Մենք շատ վատ ժառանգություն էինք ստացել և մասիսցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Աշխատանքները գնահատելով, կարծում եմ՝ մեր համայնքի բնակիչները ճիշտ ընտրություն կկատարեն։ Մենք փոքր շրջան ենք, և հարակից բոլոր գյուղերի բնակիչները մեր կատարած աշխատանքը տեսել են։
– Հաթանակի դեպքում ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը։
– Սեղմելու եմ մեր օպոնենտ կուսակցության թեկնածուների ձեռքը։ Մասիսում պետք է խաղաղություն լինի, ես իմ ու քո, սև ու սպիտակ, յուրային ու օտար չեմ անելու, որպեսզի մեր համայնքը հանգիստ կարողանա համաչափ զարգանալ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում