Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ակնկալում է, որ հիմնադրամում իրականացվող համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին ՀՀ նախագահը բացման իր խոսքում նշեց, որ նոյեմբերի 27-ի նիստը տեղի է ունենում փորձություններով և մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքների:
Նախագահ Սարգսյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհվածների և համավարակի հետևանքով մահացած հայրենակիցների հիշատակը:
«Բնականաբար իրավիճակը և իրադարձությունները իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված , չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում տեղեկացրին նաև այդ մասին: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամին նվիրատու և որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների և արձագանքների համար»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով` հիմնադրամը անցել է երկար ու դժվարին ճանապարհ, և պետք է ամեն ինչ անի սխալներն ու թերությունները շտկելու և վստահությունը վերականգնելու համար: Մյուս կողմից, ըստ նախագահի, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը:
«Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպման նոր մոդելներ»,- շեշտեց Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին և բարերարներին:
«Ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ»,- եզրափակեց Սարգսյանը:
Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին խորհրդի 30 անդամներից ներկա են 18-ը, հեռավար կարգով մասնակցում է 5 խորհրդի անդամ, հիմնադրամի տեղական մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգում են ընդգրկվել են հետևյալ հարցերը. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության քննարկում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության 2021 թվականի տարեկան բյուջեի հաստատում, հիմնադրամի գործադիր վարչության 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարեկան համախմբված ֆինանսական և ծրագրային տարեկան հաշվետվությունների հաստատում, 2021թ. նոյեմբերի 27-ից երեք տարի ժամկետով Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին քննարկում: