Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 26-ի հանդիպման ու քննարկումների արդյունքները՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման և ձեռքբերված պայմանավորվածությունների հետ: Այս մասին նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեկսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպում են ունեցել Սոչիում, որի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: