Ամիսներ առաջ Ջերմուկի ուղղությամբ 80 տոկոսով գերիշխող դիրքում էինք, այսօր ունենք դիրքի կորուստ և գերեվարված զինծառայողներ
Նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ունենք 6 հաստատված զոհ, 24 գումարած 8 գերեվարված, իհարկե, տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 24 զինծառայողը, որոնց հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, «Դուցի» զորամասից (Վանաձոր) են՝ պայմանագրայիններ են:
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ հայտնել են 11 գերեվարվածի մասին, և, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը:
Ըստ դատախազության հաղորդագրության, նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Նախաքննությամբ պարզվել է, որ կալանավորված գումարտակի հրամանատարը ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
Եվ չապահովելով հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, մայորը 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Հավելենք, որ դեռ ամռանը, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն լրագրողների խումբ էր տարել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը վստահեցրել էր, որ իրենց վստահված պաշտպանական հատվածում 80 տոկոսով գերիշխող և նպաստավոր դիրքում է հայկական կողմը:
«Մարտ վարելու համար հրաշալի պայմաններ կան»,- ընդգծել էր նա:
Մեր տեղեկություններով, վերը նշված զինվորների գերեվարումը տեղի է ունեցել մոտավորապես Ջերմուկ-Սիսիան հատվածում: