Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին
Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:
«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- ընդգծել է Պուտինը:
ՌԴ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:
«Իմ գործընկերներն ինձ զեկուցել են, թե ինչպես է ընթանում աշխատանքը: Այն բարդ է, բայց, այդուհանդերձ, այդ աշխատանքը առաջ է գնում, և կան հիմքեր ենթադրելու, որ մոտ ժամանակներում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել համապատասխան խմբի աշխատանքը տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ, այլև ընդունել համապատասխան անհրաժեշտ որոշումներ: Ինձ թվում է, որ դրանում է կայանում մեր բոլոր ջանքերի նպատակը, այն է՝ պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի, այն բանի համար, որ մարդիկ այնտեղ իրենց զգան անվտանգ և կարողանան զբաղվել տնտեսությամբ, զարգացնել իրենց տնտեսությունը: Եվ այդ ամենն, անշուշտ, պետք է ամենաբարենպաստ կերպով անդրադառնա քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- եզրափակեց Պուտինը: