ՍԴ դատավորները միջնորդություններ ներկայացրեցին. նիստը հետաձգվեց
ՍԴ-ում այսօր շարունակվում է պարտադիր պատվաստումների սահմանադրականության հարցի քննությունը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ․ օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Երեկ ողջ աշխատանքային օրվա ընթացքում ՍԴ-ում բացատրություններ ներկայացրեցին դիմող և պատասխանող կողմերը, նրանց տրվեցին հարցեր:
Այսօր ՍԴ դատավորները միջնորդություններ կներկայացնեն, ապա կլսեն կողմերի եզրափակիչ ելույթները:
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց կառավարությունից պահանջել և առավելագույնը 5-օրյա ժամկետում ստանալ չպատվաստվելու դեպքում 14 օրը մեկ թեստավորվելու պահանջի խախտումների ու դրա հետևանքով աշխատանքից ազատված անձանց մասին տեղեկատվություն:
Դիմող և պատասխանող կողմերը միջնորդության վերաբերյալ առարկություններ չհնչեցրեցին:
Գործով զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի խոսքով, ինքը չի պահանջել նշված փաստաթուղթը, որովհետև եթե նախարարի հրամանի պահանջների չկատարման իրավական հետևանքների մասին են խոսում, ապա պետք է հղում կատարեն համապատասխան իրավական նորմերի, հետևաբար՝ ինքը միջնորդությանը կքվեարկի իր այդ դիրքորոշմանը համահունչ:
Երվանդ Խունդկարյանն իր խոսքում ասաց, որ կողմ է Արևիկ Պետրոսյանի միջնորդությանը: Մյուս դատավորները նույնպես կողմ էին, բացի Արթուր Վաղարշյանից:
Այսպիսով, 2 դեմ, 7 կողմ ձայներով Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը բավարարվեց:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ միջնորդեց կառավարությունից պահանջել ու 5-օրյա ժամկետով ստանալ նախարարի հրամանի սուբյեկտների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկություն:
Այս դեպքում ևս դիմող և պատասխանող կողմերը միջնորդության վերաբերյալ առարկություններ չունեին:
Միջնորդությունը ընդունվեց միաձայն:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ևս Առողջապահության նախարարությունից խնդրեց իրենց տրամադրել ՊՇՌ թեստերի գների և պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ աշխարհում առկա տեղեկատվության՝ պատշաճ կերպով հայերեն թարգմանված տարբերակը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը 5 աշխատանքային օր խնդրեց այդ տեղեկատվությունը թարգմանելու համար:
Այս միջնորդությունը ևս ընդունվեց միաձայն:
Արման Դիլանյանը միջնորդեց հետաձգել նիստը և այն նշանակել դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին:
Որոշումն ընդունվեց միաձայն:
Մանրամասները՝ տեսանյութում