Փաշինյանի և Ալիևի սինխրոն քայլերը

Քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում որոշում կայացվեց բավարարել «անորակ հրթիռների» գործով անցնող Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Հայաստանի բանակին զենքի հիմնական մատակարարը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։

Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) չեզոքացնելու անվտանգային ռիսկերի, ներքին ու արտաքին շարժառիթների մասին մենք բազմիցս ենք անդրադարձել մեր նախկին հրապարակումներում:

Հիշեցնենք, որ 2021-ի հունիսին, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո), Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2001-2021թթ. ընթացքում Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը և Դավիթ Գալստյանը իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»:

«Սամվել Սարգսի Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- նշվում էր Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Այսինքն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Արցախին սպառազինական օգնությունը որակվել է որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»:

Մեր տեղեկություններով, Դավիթ Գալստյանը 44-օրյա պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն:

Իսկ Ադրբեջանը ոչ միայն այդ ամենին հետևել ու հետևում է, այլև լրջորեն անհանգստանում է և փորձում է բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանին և Արցախին օգնել են՝ մեկուսացնել:

Ասել կուզենք՝ Ադրբեջանն ամեն ճանապարհով փորձում և փորձելու է վնասել ՀՀ-ին զենքի մատակարարման գործընթացին:

Ինչպես ավելի վաղ նշել էինք` կա՛մ ՀՀ իշխանություններն այս ամենը չեն հասկանում, կամ Ադրբեջանի հետ սինխրոն են գործում:

Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է ազդել մեր բանակի մատակարարումների վրա, և հետևաբար՝ Դավիթ Գալստյանը լինի, թե այլ անուն-ազգանունով մեկ ուրիշը, ով այդքան հնարավորություններ ու փորձառություն ունի՝ ամեն կերպ պետք է խոչընդոտի այդ մարդկանց կամ ընկերությունների գործունեությանը:

Ադբեջանական մամուլը ողողված է հրապարակումներով, որոնցում ակնհայտ երում է` ինչպես են թիրախավորել Դավիթ Գալստյանին: Օրինակները բազմաթիվ են:

Իհարկե, նաև չպետք է թերագնահատել ՀՀ գործող իշխանությունների առանձին ներկայացուցիչների անթաքույց պայքարը` Դավիթ Գալստյանին զոհաբերել և իրենց ձեռքը վերցնել բանակին զենքի մատակարարումները:

Ի դեպ, Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը նշել էր, որ Դատարանին և նախաքննության մարմնին պաշտպանական կողմը ներկայացրել է անհերքելի ապացույցներ, որով հաստատվում էր մեղադրանքի անհիմն լինելը։

«Մասնավորապես, դատարանին է ներկայացվել եվրոպական սպառազինության արտադրության մեջ մեծ փորձ ունեցող հեղինակավոր մասնագետի գրավոր կարծիք։ Վերջինս մասնագիտորեն հղում անելով մասնագիտական գրականությանը և համապատասխան իրավական ակտերին, ներկայացրել է բոլոր հարցերի պատասխանները կապված խնդրո առարկա հրթիռների հետ։ Բացի այս, դատարանին է ներկայացվել նաև ՊՆ-ին կատարված հարցումների պատասխանները։ Այս ապացույցներով հաստատվել են գործի օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ։

Ամենակարևորը այն է, որ հաստատվել է՝ հրթիռները երբևէ որևէ խնդիր որակի հետ կապված չեն ունեցել։ Հուսով եմ, դատարանները պատշաճ գնահատական կտան այս ապացույցներին։ Իհարկե, հասկանում ենք, որ դա այդքան հեշտ չէ, դրա համար դատարանը պետք է լինի անկախ, անաչառ, չենթարկվի որևէ ճնշման և իրականացնի իրական արդարադատություն, այլ ոչ թե ստանձնի նախաքննության մարմինների ուզած դերը՝ «պեչատող», առանց խորանալու գործի էության մեջ։ Հրապարակումը տեղի կունենա այսօր։ Մեր առաջին փորձն է նորաստեղծ դատարանում, նոր նշանակված դատավորի մոտ։ Տեսնենք»,- հույս էր հայտնել փաստաբանը։

Փաստորեն, հրթիռների անորակ լինելու մեղադրանքը հերքող ապացույցները Դատարանի կողմից անտեսվել են, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Դավիթ Գալստյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում:

Տեսանյութեր

Լրահոս