ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp և Facebook մեսենջերներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երկրի բանկային շուկայում նմանօրինակ չունեցող Չատ-բանկ DIRECT անվամբ բոտը` WhatsApp և Facebook մեսենջերներում:
Ծառայության օգնությամբ Բանկի հաճախորդները կարող են կատարել բանկային գործարքներ` անմիջապես իրենց WhatsApp և Facebook մեսենջերների միջոցով:
Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց Բանկ այցելելու կարելի է դառնալ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ: Դեռևս հաճախորդ չհանդիսանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները և անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու և անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ իր կողմից նախապես ընտրված մասնաճյուղում։
Չատ-բանկ DIRECT ծառայության միջոցով կարելի է նաև ստանալ վարկ, արագ դրամական փոխանցում քարտին, ներդնել ավանդ, ինչպես նաև, ստանալ տեղեկատվություն գործող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:
Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար` հաճախորդը պետք է ավելացնի Բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում և WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղումով:
Ծառայությունն ակտիվացնելու մեկ այլ միջոց՝ Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ապա՝ գրել «Start» բառը կամ պարզապես նամակի տեսքով «Start» բառն ուղարկել Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Ի պատասխան «Start» բառի՝ չատ-բոտը ծառայությունն ակնթարթորեն սկսում է հաղորդակցվել հաճախորդի հետ:
«Մենք շարունակում ենք զարգացնել Բանկին և հաճախորդներին միմյանց հետ կապող սպասարկման թվային ուղիները: Համոզված ենք, որ Չատ-բանկ DIRECT-ը կօգնի էապես նվազեցնել մեր Կոնտակտային կենտրոնի ծանրաբեռնվածությունը և խնայել հաճախորդի՝ պատասխանի սպասելու ժամանակը: Չատ-բոտը նվազագույնի է հասցնում նաև մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով հաճախորդներին ավելի արագ և անվտանգ սպասարկում»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: