«Հիմա Հայաստանն արագ տեմպերով դատարկվում է Փաշինյանի պատճառով, ինքը թող դրա մասին մտածի». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ որևէ նոր կամ որևէ լուրջ բան չասաց։

«Առհասարակ այս մի քանի տարում մենք սովորել ենք չհավատալ իր ասածներին։ Նորությունը գերիների թվի վերաբերյալ իր հայտարարությունն էր, ընդ որում՝ զարմանալի է, որ երկրի վարչապետն ունի չճշտված տվյալներ, որովհետև 24 հոգին կոնկրետ մարդիկ են, անուն-ազգանունով։ Հնչեցին բազմաթիվ ստեր, մանիպուլյացիաներ։

Երեկ նաև հստակ երևաց, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ճանապարհը, սա ինձ անհանգստացնում է, որովհետև այդ ճանապարհը բավականին պրոբլեմատիկ է լինելու։ Մնացածը, կրկնում եմ, մանիպուլյացիաներ էր, ստեր և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քոչարյանը։

Ըստ նրա, տհաճ է մեկնաբանել մի մարդու ասածները, որն ասում է, թե նոյեմբերի 9-ն իր համար այնքան ցավալի չէր, որքան այն բունտը, որը եղել է դրոշի համար, երբ երիտասարդին աշխատանքից ազատեց, և նա «այնքան պարապ է, որ նստած մարդկանց մեկնաբանություններն է սքրինշոթ անում»։

«Երևի թե Փաշինյանը կարծել է, որ ասուլիսով փողոցային աշխուժության, բողոքի ակցիաների և իր հակառուսական գործունեության մասին որոշակի հարցերի կպատասխանի, բայց նման խայտառակ ասուլիս ես չեմ տեսել, որովհետև մարդը, որը համոզված է, թե ժողովուրդն իրեն վստահության քվե է տվել, չի կարդում իր մեկնաբանությունները։ Նիկոլ Փաշինյանը փակել էր իր ասուլիսի մեկնաբանությունները, և այն տիրույթը, որտեղ ինքը կարծում էր, թե ամենահզորն է, արդեն այնտեղ էլ ոչ մի բան է»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե Արցախ հանձնող լինեին, ապա պատերազմ չէր սկսվի, Տիգրան Քոչարյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու թիվ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորն է։

«Եղել է պլանավորած հանձնում, և իր քայլերն ուղղված են եղել նրան, որպեսզի Արցախն ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին։ Նա հանձնել է Արցախի 75 տոկոսը, ամբողջական հանձնել չկարողացավ»,- հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հնչեցրած մտքին, թե Սյունիքը դատարկվում է, բայց Սյունիքի համար պայքարում են, կենացներ են խմում, Տիգրան Քոչարյանն ընդգծեց, որ այդ հայտարարությունը շատ նման էր Շուշիի վերաբերյալ նրա հայտարարությանը, թե Շուշին որևէ մեկին պետք չէր, հետևաբար՝ ինչ եք դարդ անում։

«Հիմա նույն կերպ Սյունիքի այդ գյուղերի մասին է խոսում։ Դրանք, որքանով տեղյակ եմ, վերաբնակեցված գյուղեր են, քանի որ Խորհրդային Միության ժամանակ այնտեղ ադրբեջանցիներ էին վերաբնակեցվել։ Իսկ այն, որ հիմա Հայաստանն արագ տեմպերով դատարկվում է Փաշինյանի պատճառով, ինքը թող դրա մասին մտածի։ Եթե նրան լսի անծանոթ մարդը, ապա կմտածի՝ հայրենասեր մարդ է խոսում, սակայն այս տարիները ցույց տվեցին, որ նա խաբեբա, հայրենիքի շահերին չծառայող անձ է»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, որոնց վերաբերյալ պատասխանները և պնդումները կա՛մ տարբերվում էին իր նախկինում արած պնդումներից, կա՛մ որևէ նոր բան չէին պարունակում։

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում թշնամու ռազմական ագրեսիային և հայկական կողմի դիրքերի կորստին, ասել էր, որ այդ գործողությունների հետևանքով բալանսը չի փոխվել:

«Մինչև այդ էլ է այդքան եղել, այնպես չէ, որ այդ 41 քառակուսի կմ-ը լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից: Մայիսի 12-ից հետո գործընթացի հետևանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի և մեր ԶՈՒ դիրքերը շախմատաձև դասավորված են, երբեմն՝ մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձևերով մխրճված: Առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո: Այս հանգամանքների բերումով է շատ կարևորվում սահմանազատման-սահմանագծման գործընթացը: Երբ ասում ենք, որ ՀՀ տարածքներից Ադրբեջանն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջին վիճակագրական միջազգային հանրության ներկայացուցիչն ասում է՝ դա միանշանակ չէ, Ադրբեջանից էլ կան տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են: Ադրբեջանի երեկվա ներխուժման հետևանքով բալանս չի փոխվել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այդ, ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ Ադրբեջանն օկուպացրել է  ՀՀ ինքնիշխան շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք:

Երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերքեց խորհրդարանում իր ասածը և նշեց, որ նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով բալանսը փոխվել է։

«Մենք լա՞վ ենք հասկանում 41 քառակուսի կմ, հարցին պատասխանում եմ ուղիղ՝ այո, 2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քառակուսի կմ՝ 40-45 քառակուսի կմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը դատապարտել է։

Դե փոխվել է, ես ասում եմ՝ փոխվել է: Ասում եմ՝ նոյեմբերի 10-ից հետո փոխվել է, որովհետև այդ ներխուժումը տեղի է ունեցել 2021-ին մայիսի 12-ին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածք ներխուժած թշնամուն, այդ թվում՝ Սև լճի տարածքում, ասել էր, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չեն սկսի ու չեն գնա իրավիճակի սրման։

Իսկ երեկ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե տարածք տվող լինեին թշնամուն, ապա պատերազմ չէր լինի, առանց կրակոցի կտային։

Տեսանյութեր

Լրահոս