«Կա հաստատված 6 զոհերի փաստը, մնացածը գերի՞ են, անհետ կորա՞ծ, թե՞ զոհված՝ ճշտվում է». Անդրանիկ Քոչարյան

«Դուք երևի մոռացել եք, որ նման միջադեպերն ուղեկցվում են նաև զոհերով, վիրավորներով։ Դիրքային առավելություն, բնականաբար, որևէ ձև արձանագրված չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Գեղարքունիքի մարզում թշնամու իրականացրած սադրանքներին, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։

Ըստ նրա, այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ կրակոցները, դիրքային կռիվներն ինչի արդյունքում են լինում։

«Դա պլանավորված գործողություն է հեռահար քաղաքական նպատակներով, միջդիրքային խնդիրների առնչությամբ են տեղի ունենում, պետք է բացառել նաև դա, որպեսզի դա բացառենք, պետք է կոմունիկացված լինեն նաև դիրքերում տեղակայված հրամանատարական կազմերը։ Այդպես է միշտ եղել, խոսել են, կռվել են, խոսելուց՝ խոսել են, կռվելուց՝ կռվել։ Շատ դեպքերում խոսելը հնարավորություն է  ստեղծել չկռվել, անիմաստ չկրակել։ Բայց երբ գործողություններ են լինում հակառակորդի կողմից, նրանք պետք է իմանան, որ պատասխանը կստանան։ Այս անգամ տեղի ունեցան լոկալ բնույթի ռազմական գործողություններ, որի արդյունքում իրենք տեսան, որ ՀՀ զինված ուժերը կռվելու են, և հետագա գործողություններում նույնպես տեսնելու են այդ կռվի արդյունքները»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը վստահեցնում է՝ ակնհայտ է դարձել, որ հակառակորդն ունի բազմաթիվ զոհեր, տեխնիկայի կորուստ, ինչը լրատվամիջոցներն ակտիվ չեն լուսաբանում։

Ինչ վերաբերում  է նոյեմբերի 16-ին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Սյունիքում տեղի ունեցած ամենամեծ ռազմական էսկալացիայի արդյունքում հայկական կողմի կորուստներին՝ զոհեր,  գերիներ և անհետ կորածներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես ճշտված թիվ եմ հրապարակել, դա  հաստատված 6 զոհերի փաստն է, մնացածը գերի՞ են, անհետ կորա՞ծ, թե՞ զոհված են, դրա ճշգրտումը, շատ հնարավոր է, մի փոքր էլ ժամանակ պահանջի, որպեսզի ամեն ինչ վերջնական պարզ դառնա»։

Նա վստահեցրեց, որ այս հարցի վերաբերյալ որևէ բան չեն թաքցնի:

Տեսանյութեր

Լրահոս