Համապետական կարանտինին ընդառաջ Արցախի պետական նախարարը խորհրդակցություններ է հրավիրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 22-ին անցկացրել է խորհրդակցություններ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեության և իրազեկման ու վերահսկողության աշխատանքների հետագա կազմակերպման շուրջ:
Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ խիստ մտահոգիչ որակելով մահվան դեպքերն ու հիվանդացության աճող թվերը՝ Արտակ Բեգլարյանը հայտնել է հանրապետությունում առաջիկա օրերին համավարակով պայմանավորված համընդհանուր սահմանափակումներ կիրառելու գործադիրի նախաձեռնության մասին: Պետական նախարարը շեշտել է համապետական կարանտինի ժամանակ շահագրգիռ սուբյեկտների գործուն աջակցության ու բարձր կարգապահության անհրաժեշտությունը: Նա ընդգծել է հատկապես հանրային սննդի ու տրանսպորտի ոլորտներում կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը դեպքերի նվազման գործում:
Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ պետությունը, ըստ անհրաժեշտության, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսվարողների կրած վնասները մեղմելու մեխանիզմներ է մշակելու և ներդնելու:
Պետնախարարը կարևորել է նաև քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքների ու մասնագիտական խորհրդատվությունների պարբերաբար անցկացումը՝ պատվաստումների միջոցով կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու հարցում: