Ինչո՞ւ Երևան-Կապան-Երևան թռիչքները դադարեցին՝ դեռ չսկսած

Նոյեմբերի 11. «Նովէյր» ավիաընկերությունից ստացվել համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով

Ընդամենը նոյեմբերի 11-ին կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Պաշտոնական մակարդակով հաստատվում էր նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։

Նկատենք, որ այս ականջահաճո տեղեկությունը հանրությանը ներկայացվում էր Կապանում սպասվող ՏԻՄ ընտրություններից ընդամենն օրեր առաջ, մինչդեռ մասնագիտական շրջանակների համար սա ի սկզբանե անիրատեսական էր:

Թույլ կտա՞ն ադրբեջանցիներն այդ ձորը մտնել, ես չգիտեմ. Հակոբ Ճաղարյան

Ավիացիայի հարցերի մասնագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, օրինակ, 168.am-ի հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Կապանի օդանավակայանն ամբողջովին վերակառուցված է և ի վիճակի է ընդունել օդանավեր, բայց օդանավակայանը միայն շինությունը չէ, դա միայն շենքը չէ, որով ուղևորներն անցնում են, ամենակարևորը նրա մոտեցման և նրանից դուրս գալու ճանապարհներն են։

Ես այդ օդանավակայան հարյուրավոր թռիչքներ եմ կատարել որպես հրամանատար «ՅԱԿ 40»-ի վրա, բայց «ՅԱԿ 40» օդանավն ունի իր դինամիկան, շարժիչների հզորությունը, քաշը և այլն։ Այն ժամանակ մենք ստիպված էինք վերթիռից հետո մտնել ձորով բարձրություն հավաքել, իսկ այդ ձորն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, թույլ կտա՞ն ադրբեջանցիներն այդ ձորը մտնել, ես չգիտեմ։

Երկրորդ՝ այս օդանավը, որով որ պետք է թռիչքները կատարվեն, «ԷԼ 410» օդանավն է, մինչև 18 ուղևոր է տանում, ես այդ օդանավին ծանոթ չեմ՝ ոչ որպես օդաչու, ոչ որպես գործարար, ես իմ ավիաընկերությունում այդ օդանավը չեմ օգտագործել, ես նրա տակտիկատեխնիկական հնարավորությունները չգիտեմ։ Կապանի օդանավակայանից թռիչք կատարվում է ընդամենը մեկ ուղղությամբ, և ես չգիտեմ՝ այդ օդանավը համաձայն միջազգային անվտանգային պահանջների ի վիճակի՞ է ապահովելու անվտանգ բարձրություններ և մի շարժիչի խափանման դեպքում անվտանգ վայրէջք հետադարձ ուղղությամբ․․․»։

Նոյեմբերի 16. «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը

Սակայն սա էլ դեռ ամենը չէ․ ընդամենը մեկ շաբաթ անց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին՝ «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտե։ Կոմիտեից հայտնել էին նաև, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ էր ներկայացրել՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու վերաբերյալ, սակայն վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը:

Ինչպես ասում են՝ «ամեն ինչ ավարտվեց՝ դեռ չսկսված»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր անդրադառնալով Կապանի օդանավակայի թեմային՝ վստահեցրել էր՝ օդանավակայանի շահագործման մասին տեղեկությունը Կապանի ավագանու ընտրությունների շեմին իշխանության հերթական նախընտրական փուչիկն էր, քանի որ օդանավակայանի շահագործման հետ կապված այսօր որևէ մեկը չի կարող անվտանգային երաշխիքներ տալ։

Նման տեսակետ հայտնել էր նաև կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Քանի որ այդ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհը փակ էր և, ըստ էության, արդեն հասկանալի էր, որ նաև Կապան-Ճակատեն ճանապարհը պետք է փակվի ապագայում, կարծում եմ, իշխող ուժն ուղղակի գնացել է քարոզչական նման հնարքի։ Փորձել է մանիպուլյացնել ու լրացուցիչ քվե ստանալ հենց այդ հայտարարության միջոցով, որը չի աշխատել»,- ասել էր պատգամավորը:

 «Նովէյր» ընկերությունը հայտի չեղարկումը պատճառաբանում է համավարակի ստեղծած սահմանափակումներով

Որքան էլ զարմանալի է, սակայն «Նովէյր» ընկերության արտաքին կապերի պատասխանատուն 168.am-ի հետ զրույցում կատարվածը բացատրեց բացառապես ոլորտային խնդիրներով, որոնք ի հայտ են եկել համավարակի պատճառով:

Ընկերության ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց. «Օդաչուները պետք է անցնեն Flight Simulation դասընթաց, որը տարբեր եվրոպական երկրներում է անցկացվում: Այժմ Covid–ի հետ կապված՝ ՀՀ քաղաքացիների մուտքը որ խստացրել են, այդ դասընթացը հետաձգվել է, որի պատճառով էլ հետաձգվել են թռիչքները»:

Ճշգրտմանը, թե Քաղավիացիայի ներկայացրած պարզաբանման մեջ նշվում է ոչ թե հետաձգման, այլ հայտը հետ վերցնելու մասին՝ նա արձագանքեց.

«Հայտը կապված է թռիչքների հետ. թռիչքները հետաձգվել են, նշանակում է՝ թռիչք չի իրականացվելու»:

Հարցին էլ՝ եթե այդ դասընթացներն անցնեն, ընկերությունը նորից հա՞յտ է ներկայացնելու, «Նովէյր»-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Դեռ չգիտենք՝ այդ դասընթացները երբ կլինեն. դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել են»:

Տեսանյութեր

Լրահոս