«Կապանում հերթական անգամ թարս ապտակ կերան, և բնական է, որ այդ ավիափոխադրողը հրաժարվեց». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ քաղաքացիների խնդիրները Սյունիքում ավելի են խորացել, քանի որ իշխանությունները չսահմանափակվեցին Գորիս-Կապան ճանապարհի Մ-2-ի հատվածը թշնամուն տալով, տվեցին նաև Կապան-Ճակատեն հատվածը։

«Հիմա մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ 600 հոգի, Կապան գնալու համար շրջադարձ պետք է կատարեն Մեղրիով ու Քաջարանով, որի երկարությունը 150 կմ է։ Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը կառուցված է սխալ նախագծով, միայն մեկ բանը կնշեմ՝ այդ ճանապարհը նեղ է, այսօր այն դժվարանցանելի է, քանի որ բոլոր մեքենաների հոսքն ուղղվում է այնտեղ։ Երբ ձյուն գա, այն ամբողջովին դառնալու է անանցանելի, և մեր հայրենակիցները բլոկվելու են Կապանում, Քաջարանում և Մեղրիում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանին, Վահե Հակոբյանը նկատեց. «Ակնհայտ էր, որ այն Կապանի ավագանու ընտրությունների շեմին իշխանության հերթական նախընտրական փուչիկն էր, դրանով կրկին փորձում էին թոզ փչել ժողովրդի աչքերին։ Օդանավակայանի շահագործման հետ կապված այսօր որևէ մեկը չի կարող անվտանգային երաշխիքներ տալ։ Պոպուլիզմ ու հերթական կեղծիք․․․, ասացին՝ բացում ենք, Կապանում հերթական անգամ կերան թարս ապտակ, և բնական է, որ այդ ավիափոխադրողը հրաժարվեց»։

Ըստ նրա, անհնարին է, որ ինքնաթիռը վայրէջք կատարի այդ օդանավակայանում, որտեղից թշնամին 100-150 մետր հեռավորության վրա է, հետևաբար՝ «ով կմտնի դրա տակ»։

Միաժամանակ նա նշեց, որ նախորդ տարի, երբ նոյեմբերի 9-ին ստորագրվեց դավաճանական փաստաթուղթը, այն ժամանակ քննարկվում էր Զանգելան-Օրդուբադ ճանապարհի հարցը, որին շատ կտրուկ արձագանքեցին Իրանի իշխանությունները։

«Բոլորդ էլ հիշում եք՝ զորքեր բերեցին, հայտարարություն արեցին, հետո զորքն այնտեղից հեռացավ, ի՞նչ է սա նշանակում․ իմ հասկանալով՝ մեկ բան, որ Իրանը ստացավ որոշ երաշխիքներ, թե ում կողմից ու ինչպես, չեմ կարող ասել։ Դրանից հետո շատ արագ Անգեղակոթ-Շաղատ ճանապարհն ինտենսիվ տեմպերով կառուցվում է, եթե նայեք, ապա հաջոդ հատվածը Նախիջևանի սահմանն է, և ադրբեջանցիներն արդեն իսկ կառուցել-վերջացրել են մաքսային տերմինալը։ Հիմա Ադրբեջանի ակտիվությունն այդ հատվածում մեզ առնվազն իրավունք է տալիս մտածելու, որ նրանք այդտեղով փորձելու են ստանալ ճանապարհը։ Հասկանալով, որ դրա տակ մտնելով՝ դա կդառնա իր քաղաքական վախճանը՝ Նիկոլը փորձում է հիմա պայմանավորվածություններից հետ կանգնել և իր պատգամավորների ասած՝ զրոյական կետից ամեն ինչ անել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մեզ սպասվելու են արագ և հագեցած զարգացումներ»,- եզրափակեց Վահե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս