Հրաչյա Մուշեղյանի կարիերային առաջընթացի ֆենոմենը

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ծանուցում է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից այն մասին, որ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում՝ որպես մեղադրյալ։

«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով՝ այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, և դա՝ այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…

Լավ, Սիլվայից բացի, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»,- մասնավորապես գրել էր փաստաբանը: Խոսքը հանրահայտ Սիլվա Համբարձումյանի մասին է, ով նախանձելի պարբերականությամբ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ)-ում, իսկ հիմա արդեն՝ փաստորեն նաև Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք է տալիս այն մասին, թե ինչպես է այս կամ այն բարձրաստիճան անձին կաշառք տվել… Նախկիններին, բնականաբար:

Հետո սկսվում է ֆեյսբուքյան անեկդոտների, առածների ու ասացվածքների հրապարակումն այդ թեմայով… Բայց սա՝ իմիջիայլոց…

Իրականում այս հրապարակման մեջ մեզ հետաքրքրեց քննիչի անձը՝ Հրաչյա Մուշեղյան: Դասագրքային օրինակ է այս քննիչի կարիերային առաջխաղացման պատմությունը:

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար դառնալուց և Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելուց հետո ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը 2019թ. նշանակվեց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։

Հետո եղավ պատերազմ, կորցրեցինք Արցախի 75%-ից ավելին: Մեզ հասած տեղեկություններով՝ Հրաչյա Մուշեղյանը ևս հարազատ էր կորցրել այդ անհասկանալի պատերազմում, և դա պատճառ էր դարձել նաև վերջինիս մոտ աշխարհայացքային փոփոխության, և վերջինս որոշեց հրաժարվել «Մարտի 1»-ի գործից:

2021թ. փետրվարի 24-ին 168.amգրել էր այդ մասին, նշել, որ մեր տեղեկություններով` աշխատանքից ազատվելու պատճառը Հրաչյա Մուշեղյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խորը հակասություններն են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող խնդրով։ Ինքը՝ Հրաչյա Մուշեղյանը, մեզ հետ զրույցում չէր հերքել աշխատանքից ազատվելու տեղեկությունը:

«Կներեք, բայց անձնական բնույթի հարցերը չեմ ցանկանում քննարկել, իսկ ինչ վերաբերում է ծառայողական բնույթի հարցերին, առաջարկում եմ դիմել ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին»,- ասել էր նա։

Այս հրապարակումից մոտ երկու շաբաթ անց մենք տեղեկություն ստացանք, որ Հրաչյա Մուշեղյանը գտնվում է արձակուրդում ու դժվար էլ վերադառնա աշխատանքի:

168.am-ը կրկին կապ հաստատեց նրա հետ՝ ճշտելու համար՝ արդյո՞ք վերադառնալու է աշխատանքի: Մուշեղյանը կրկին անորոշ պատասխաններ տվեց, ասաց, որ ժամանակը ցույց կտա:

Բայց, փաստորեն, վերադարձավ: Այժմ Հրաչյա Մուշեղյանն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ է և կրկին հանձն է առել ՀՀ նախկին նախագահին մեղադրանք առաջադրելու գործառույթը կատարել… Եվ նույնիսկ ոչինչ, որ դա գրոտեսկային Սիլվա Համբարձումյանի ֆիգուրանտությամբ է տեղի ունենում:

Փաստորեն Հրաչյա Մուշեղյանի կարիերային առաջընթացը պայմանավորված է նախկին նախագահներին՝ նախ Ռոբերտ Քոչարյանին, հիմա արդեն՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու բացառիկ հանձնառությամբ:

Տեսանյութեր

Լրահոս