«Ժամանակը ցույց կտա…». Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը՝ աշխատանքի վերադառնալու մասին
Դեռևս փետրվարի 24-ին 168.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում իր աշխատանքային կենսագրությունը շուտով կավարտի ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, ով լայն հանրությանը հայտնի է՝ որպես Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար։
Մեզ հետ զրույցում Հրաչյա Մուշեղյանը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել էր տեղեկությունը՝ խորհուրդ տալով դիմել ՀՔԾ մամուլի ծառայությանը:
Բնականաբար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առնչվող ծավալուն քրեական գործով քննչական խմբի ղեկավարի՝ աշխատանքից ազատվելու ցանկությունը խուճապային տրամադրություններ էր առաջացնելու ՀՔԾ-ում, և կառույցի ղեկավարությունը փորձել էր Հրաչյա Մուշեղյանին համոզել մնալ իր պաշտոնում և մինչև վերջ տանել Մարտի 1-ի գործը:
Ի դեպ, մենք գրել էինք, որ աշխատանքից ազատվելու պատճառը Հրաչյա Մուշեղյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խորը հակասություններն են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող խնդրով, ինչը, սակայն, ՀՔԾ-ից, իհարկե, հերքել էին:
Օրերս մենք տեղեկություն ստացանք, որ իշխանությունների՝ Հրաչյա Մուշեղյանին համոզելու և ՀՔԾ-ում պահելու փորձերն ըստ էության ապարդյուն են անցել, և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, քննչական խմբի ղեկավարն այս պահին գտնվում է արձակուրդում ու դժվար էլ վերադառնա աշխատանքի:
Տեղեկությունը 168.am-ը փորձեց ճշտել հենց Հրաչյա Մուշեղյանից:
– Այո, արձակուրդում եմ:
– Իսկ վերադառնալո՞ւ եք աշխատանքի:
– Գտնվում եմ ամենամյա արձակուրդում, որը վերջանալուց հետո պարտավոր եմ ներկայանալ աշխատանքի վայր՝ Ծառայություն:
– Բայց Դուք լավ գիտեք, որ պարտավոր չեք, եթե չեք ուզում:
– Եթե չես ուզում, այդ ժամանակ արձակուրդից հետո ներկայանում ես աշխատավայր ու ներկայացնում աշխատանքից ազատման զեկուցագիր:
– Հենց դրա մասին եմ հարցնում: Նկատի ունեմ՝ այդպե՞ս է լինելու:
– Ժամանակը ցույց կտա: