«Սերժ Սարգսյանը չի վախենում կալանավորվելուց, եթե դա կօգնի Արցախի ու Սյունիքի հայկական մնալուն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ հարցաքննելուն։

«Սա բացարձակապես շինծու մեղադրանք է, հերթական շինծու, խղճուկ մեղադրանքն է, որն ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի հողատու վարքագիծը։ Մենք տեսնում ենք, որ Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ, դավադիր գործողություններ, և հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանյովրն է իրականացնում այս խղճուկ իշխանությունը։ Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, ո՛չ  էլ կալանավորվելուց, եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն,  ինքը բազմիցս նշել է, որ պատրաստ է։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահերը, շարժվում է թուրք-ադրբեջանական օրակարգով»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Ինչ վերաբերում է այսօր Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Հանրապետական կուսակցությունը շուրջ 3,5 տարի պայքարի կիզակետում է, և իրենց օրակարգում կա մեկ գլխավոր հարց՝  կապիտուլյանտ ռեժիմի հեռացում։

«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն, պետականամետ, ազգային ուժերի հետ, որոնք բացառապես սպասարկում են ՀՀ շահը և հստակ ու ուղիղ գտնում են, որ այս աղետալի վիճակից դուրս գալու միակ ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»,- շեշտեց նա։

Էդուարդ Շարմազանովը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե չկա Արցախի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, այլ կա լուծում կամ չլուծում։

Նա շեշտեց, որ իր  եզրակացությունը հետևյալն է՝ եթե չկա հայանպաստ լուծում, ապա հարց՝ «ինչո՞ւ տարավ ու 5000 երեխաների գլուխը կերավ»։

«Սա խոսում է մեկ բանի մասին՝ յուրաքանչյուր պետության ղեկավար պետք է սպասարկի իր պետության շահը, և այն, որ նա ԱԺ-ում հանդգնաբար հայտարարում է, որ խնդրին պետք է լուծում, ապա լուծումը կարող է լինել, օրինակ, Ադրբեջանի կազմում կամ, ասենք, Արցախի, Սյունիքի  հայաթափումը։ Սա հերթական դավադիր, դավաճանական հայտարարությունն է, որը նա անում է։ Իսկ երբ նա ասաց, որ սահմանների չպաշտպանությունը պետական դավաճանություն է, դա ինքնախոստովանական ցուցմունք էր, որովհետև բոլորս հիշում ենք Սոթք-Խոզնավար հատվածում և Սև լճի 30 տոկոսի պատմությունը, երբ նա ասում էր՝ հո 30 տոկոսի համար կռիվ չե՞նք սկսելու»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս