Վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվելու է. Մանվել Գրիգորյանի փաստաբան

«Այստեղ այսօր գտնվում է մեր հայ ազգի արժանապատվությունը, հաղթանակած ոգին, և եթե Հայաստանում դեռևս կան պղծված տականքներ, որոնք մտածում են, որ կարող է այլ կերպ լինի, քան արդարացման դատկան ակտ, ես պետք է իրենց հիասթափեցնեմ»,- ռազմական, քաղաքական գործիչ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցի արարողության ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Հարցին, թե ինչո՞ւ պատկան մարմիններն ականջալու չեղան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին փաստաբանների ահազանգերին՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց.

«Ականաջալուր եղան այնքանով, որքանով որ իրենց թույլ էին տալիս ականջալուր լինել, և մենք գիտենք, որ այս ամենը կազմակերպված էր. կազմակերպված էր հայրենիքին վնաս պատճառելու, տարածքային ամբողջականությունը վտանգելու նպատակով»:

Այդուհաներձ, Մանվել Գրիգորյանի նախկին պաշտպանը վստահեցրեց, որ այսօր ականատես ենք ժողովդրի արթնացմանը, որն անխուսափելի է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի մահվանից օրեր առաջ նրա պաշտպաններից հենց Արսեն Մկրտչյանն էր հերթական անգամ ահազանգել գեներալ-լեյտենանտի առողջական ծայրահեղ վիճակի մասին:

Հիշեցնենք նաև, որ  168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել էր, որ թեև մահվանից հետո գեներալ-լեյտենանտի գործը ենթակա էր կարճման, սակայն պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի նիստերը շարունակվեն՝ արդարացման հիմքով։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին: Նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, և  փաստաբաններն ահազանգել էին գեներալի մի շարք հիվանդությունների մասին, նշել, որ անհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում:  Այս հարցով փաստաբանների բազմաթիվ միջնորդությունները մերժվել էին:  2020 թվականի նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացել էր հիվանդանոցում:

Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):

Տեսանյութեր

Լրահոս