Բյուրեղավանի ավագ դպրոցում 2-րդ անգամ տնօրեն են ընտրում․ ծնողական խորհուրդը կրկին ձայնը տվեց Անդրանիկ Գրիգորյանին

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այս տարի արդեն երկրորդ անգամ տեղի  ունեցավ դպրոցի տնօրենի ընտրություն: Նախորդ ընտրության ժամանակ տնօրենի պաշտոնում առաջադրված 3 թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել բավարար 6 միավորը, ինչից հետո նոր մրցույթ հայտարարվեց:

Այսօր տնօրենի ընտրության 1-ին փուլն էր՝ մասնակցեց դպրոցի ծնողական խորհուրդը: Նախ պաշտոնի համար առաջադրված թեկնածուները ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագրերը, որին հաջորդեց ծնողական խորհրդի փակ քվեարկությունը։

Այս անգամ  տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու, երկուսն էլ նույն դպրոցի ուսուցիչներ են, Անդրանիկ Գրիգորյանը՝ պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ կենսաբանություն առարկայի, նախորդ ընտրության ժամանակ ևս նրանք իրենց թեկնածությունն առաջադրել էին, սակայն չէին հավաքել բավարար ձայներ։

Այսօր դպրոցի ծնողական խորհրդի 13 անդամներից փակ քվեարկությանը մասնակցում էր 12-ը։ Քվեատուփը բացելուց հետո ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ՝ 7 ձայն Անդրանիկ Գրիգորյանի օգտին, 5 ձայն՝ Սուսաննա Վանեսյանի։ Գործող կարգի համաձայն՝ ընտրության վերջնական փուլում, որին արդեն մասնակցելու են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, ծնողական խորհուրդն ավտոմատ 2 ձայն կտա Անդրանիկ Գրիգորյանին։

Նշենք, որ վաղը դպրոցում տեղի կունենա տնօրենի ընտության 2-րդ փուլը, այս անգամ նույն կարգով տնօրեն կընտրի ուսուցչական անձնակազմը, իսկ ահա տնօրենի ընտրության վերջին փուլը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ նախորդ ընտրության ժամանակ թեկնածուներից Անդրանիկ Գրիգորյանին ընդամենը 1 ձայն չէր բավարարել, որ տնօրեն ընտրվեր: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, որը նաև Բյուրեղավանի ՔՊ գրասենյակի պատասխանատուն է, քվեարկել էր Սուսաննա Վանեսյանի օգտին: Վերջինս լրագրողների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս