Սուրեն Պապիկյանի ազգականն ու «Անիտուր»-ի տիրոջ որդին՝ Գյումրիի փոխքաղաքապետեր. 168.am-ի տեղեկությունը հաստատվեց
Նոյեմբերի 8-ին և 9-ին 168.am-ը գրել էր այն մասին, թե ովքեր են լինելու Գյումրիի փոխքաղաքապետերը:
Գրել էինք, որ փոխքաղաքապետերի 2 հաստիք է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) իշխող խմբակցությունը պահանջել «Բալասանյան» դաշինքից, որը, բնականաբար, չի մերժվել. Չէր կարող մերժվել, եթե հաշվի առնենք, թե ինչ պայմաններում այդ դաշինքը ստանձնեց Գյումրիի կառավարումը:
Տեղեկացրել էինք, որ փոխքաղաքապետի մի պաշտոնը կզբաղեցնի հիմա արդեն պաշտպանության նախարար, նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռը՝ Արթուր Պապիկյանը, ով ՔՊ-ի ավագանու նախընտրական ցուցակում 4-րդ համարն էր, իսկ մյուսը՝ «Անիտուր» տուրիստական գործակալության հիմնադրի ու սեփականատիրոջ որդին՝ Դավիթ Առուշանյանը, ով թեպետ արմատներով գյումրեցի է, բայց երկար տարիներ ապրում է Երևանում:
Այսօր երկուսն էլ դարձան փոխքաղաքապետեր: Մեր տեղեկությունը հաստատվեց:
Գյումրու արտահերթ նիստի ընթացքում ավագանու ներկա անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին (որպես առաջին տեղակալ) և 39-ամյա Դավիթ Առուշանյանին։
Որոշման նախագծին դեմ քվեարկեցին «Ապրելու երկիր» և «Զարթոնք» ազգային քրիստոնեական խմբակցությունների ներկա 5 անդամները, ձեռնպահ արտահայտվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության երկու անդամները։ Կողմ քվեարկեցին «Քաղաքացիական կուսակցության» և «Բալասանյան դաշինք» սոցիալական խմբակցության ավագանու ներկա անդամները։