Սուրեն Պապիկյանի ազգականը` Գյումրիի փոխքաղաքապե՞տ

Շուրջ մեկ շաբաթ առաջ տարատեսակ անմաքուր կրքերից ու գործարքներից հետո, ի վերջո, Գյումրիի քաղաքապետ է դարձել «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը։ Եվ թեպետ քաղաքապետն ըստ էության իշխող ուժի ներկայացուցիչ չէ, Գյումրիում 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` գյումրեցիները խիստ հիասթափված են։ Նրանք համարում են, որ «Բալասանյան» դաշինքն իրենց քաղաքը հանձնեց երկիրը խայտառակ խնդիրների առջև կանգնեցրած, սուտ խոստումներով ժողովրդի քվեները «գողացած», հազարավոր անմեղ երիտասարդների կյանքեր խլած, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրած Նիկոլ Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ գյումրեցիների մեծ մասն ըստ էության բոյկոտել էր ընտրությունները, իսկ ովքեր էլ որ մասնակցել էին, չէին ընտրել իշխող կուսակցությանը, որն այս ընտրություններին մասնակցում էր մարզպետ Հովհաննես Հարությունյանի դեմքով։

Փաշինյանի կուսակցությանը, ըստ ամենայնի, բաժին կհասնի փոխքաղաքապետի 2 պաշտոն։

Տևական ժամանակ լուրեր էին պտտվում, որ Ազգային ժողովի (ԱԺ) իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ով, ի դեպ, վայր է դրել պատգամավորական մանդատը և օրերս կնշանակվի Շիրակի մարզպետ, ամեն ինչ անում է, որ փոխքաղաքապետի մի պաշտոնը բաժին հասնի իր եղբորը` Արման Բաղդասարյանին։

Այս պահին պարզ չէ` կկարողանա՞ արդյոք Նազելի Բաղդասարյանը դա գլուխ բերել, թե՞ ոչ, որովհետև այս պահին նրա դիրքերը հարազատ կուսակցությունում հայտնի պատճառներով այնքան էլ ամուր չեն։

Գյումրիում այս պահին ակտիվորեն խոսակցություններ են պտտվում այն մասին, որ փոխքաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ազգականն է` հորեղբոր թոռը, ով իշխանական կուսակցության նախընտրական ցուցակում 4-րդ համարն էր` Պապիկյան Արթուր Ռուդիկի։

Եվ եթե մարզպետ նշանակվի Նազելի Բաղդասարյանը, իսկ Գյումրիի փոխքաղաքապետ` Արթուր Պապիկյանը, ով, պարզ է, որ Սուրեն Պապիկյանի աչքերն ու ականջներն է լինելու Գյումրիում, պարզ է, որ ապագա մարզպետին ուրախ կյանք չի սպասվում։

Տեսանյութեր

Լրահոս