«Դա իրավական տեսանկյունից անգրագիտության ծայրահեղ դրսևորում է, իսկ քաղաքական տեսանկյունից` արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ»․ Լարիսա Ալավերդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ թեև թուրք-ադրբեջանական տանդեմն անթաքույց և շարունակաբար իրականացնում է միջազգային քրեական նորմերի կոպիտ խախտումներ, սակայն դրանք չեն արժանանում պատշաճ և համարժեք գնահատականների՝ ինչպես Հայաստանի գործող իշխանությունների, այնպես էլ՝ միջպետական մարմինների, միջազգային հանրության կողմից: Իրավապաշտպանի համոզմամբ, սակայն, միջազգային հանրության այս դիրքավորումն ունի իր պատճառները:

«Այն, որ Հայաստանի կողմից չի հնչում համարժեք գնահատականը, դա ևս մի հիմք է, որով միջազգային հանրությունն ակտիվ չէ»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա հերթական ոտնձգությանը հաջորդած արձագանքներին, պարզաբանեց իրավապաշտպանը:

Այս համատեքստում նա նաև հիշեցրեց միջազգային պրակտիկայի մասին, ըստ որի՝ պետությունը, որը հայտնվում է տուժած կամ խոցելի վիճակում, նախ ճիշտ գործառույթներով, ճիշտ կոնվենցիաների, պայմանագրերի նորմերին և հոդվածներին հիմնվելով՝ բարձրաձայնում է խնդրի մասին, և հետո է միայն հաջորդում միջազգային հանրության արձագանքը:

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե իշխանություններն ու մերձիշխանական շրջանակները բանավոր կերպով բազմիցս դիմեցին միջպետական կառույցներին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց.

«Չկա որևէ այլ ձև, քան գրավոր, միջազգային պայմանագրի ճիշտ հոդվածների ներառմամբ գրավոր դիմումը՝ լինի ուղղված պետությանը թե միջպետական հաստատություններին. դա այբուբեն է, և պետք չէ մտածել, որ այդ այբուբենը մեր իշխանությունները չգիտեն։ Խիստ հակառակը՝ այս ամբողջ աղմուկը զուտ մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որի նպատակը հասարակությունում ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հանդեպ բացասական կարծիք և վերաբերմունք ստեղծելն է: Դրանով ցանկանում են ստանալ ամենաանգրագետ խավի օգնությունը, որ դուրս գան ՀԱՊԿ-ից (ինչն այս իշխանության կարկառուն դեմքերի իղձերից մեկն է), և դա բացատրեն զուտ ժողովրդի ճնշմամբ: Որևէ այլ բան չկա»:

Նիկոլ Փաշինյանը գերիների խնդրի մասին խոսելով՝ ասել էր․ «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք»։

Ապա նաև հավելել էր, թե Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։

Մարդու իրավունքների առաջին պաշտպանին խնդրեցինք անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին:

Նա վստահեցրեց՝ նման ձևակերպումները իրավական տեսանկյունից անգրագիտության ծայրահեղ դրսևորում են, իսկ քաղաքական տեսանկյունից` արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ ու ստրկական ծառայություն թուրք-ադրբեջանական կողմին:

«Անկախ անձից՝ դա խորը անգրագիտություն է և միջազգային մարդասիրական նորմերի բացարձակ չիմացություն. կապ չունի, թե ինչ պայմաններում և ինչպես է մարդը հայտնվել գերության մեջ, նրան պետք է վերաբերվել և վերադարձնել բոլոր այն նորմերով, որոնք բերված են Միջազգային Հումանիտար իրավունքի Երրորդ կոնվենցիայի մեջ»,- ասաց Ալավերդյանը։

Ճշգրտմանը, թե Նիկոլ Փաշինյանը հղում է տվել Զինվորական կանոնագրքերին՝ Լ․ Ալավերդյանն ասաց․ «Որևէ այլ գիրք կամ կանոնակարգ չի կարող վեր լինել միջազգային պարտավորություններից, որոնք ստանձնվել են թե՛ Հայաստանի , թե՛ Ադրբեջանի կողմից Միջազգային Մարդասիրական իրավունքի չորս կոնվենցիայով և նրանց օժանդակ արձանագրություններով»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Եվ գուցե մենք այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա. պետք է քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»:

Նա նաև պարզաբանել էր, որ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն. «Յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք։ Օրինակ, ակնհայտ է և ձևակերպված՝ եթե մարդը վիրավոր է, անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»:

 

Տեսանյութեր

Լրահոս