«Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն 2026-27թթ.». նախարար
ՀՀ կառավարությունը ծրագրում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցում և ամեն ինչ անելու է, որ ատոմային էներգիայի արտադրությունը Հայաստանում ոչ մի օր չդադարի։ Այդ մասին Մեծամորի ատոմակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Անդրադառնալով ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու հարցին՝ ՏԿԵ նախարարը շեշտեց, որ ատոմային էներգետիկայի դերը Հայաստանի էներգետիկ համակարգում շատ մեծ է, և ՀՀ կառավարությունը շարունակելու է մեծ տեղ տալ ատոմային էներգիայի զարգացմանը։
«Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը։ Այսինքն՝ մեր ամբողջ մտադրությունը հետևյալն է՝ այնպես անել, որ այս եղած շահագործման և դրա ժամկետի ավարտի ժամանակ ունենալ արդեն նոր էներգաբլոկ և անմիջապես նոր էներգաբլոկը միացնել ցանցին։ Սա մեր գլխավոր ռազմավարությունն է, և այդ ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկվում են, այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են սկսվել և շարունակվելու են», – նշեց ՏԿԵ նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ նոր էներգաբլոկի աշխատանքները սկսվելու են մոտավորապես 2026-2027 թթ.։ Հաշվի առնելով, որ այդ աշխատանքները կարող են տևել 8-10 տարի, նախատեսվում է այնպես անել, որ նոր էներգաբլոկը գործարկվի գործող ատոմակայանի աշխատանքի դադարեցումից անմիջապես հետո։
«Այնպես որ, այո՛, մենք երկրորդ էներգաբլոկ ուզում ենք ունենալ, շատ կարևորություն ենք տալիս դրան ու ամեն ինչ կանենք, որ Հայաստանում ոչ մի օր ատոմային էներգիայի արտադրությունը չդադարի», – հավելեց նախարարը։
Խոսելով ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և մինչև 2026 թ. շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտի մասին՝ Գնել Սանոսյանը հաղորդեց, որ այն աշխատելու է մինչև 2036 թվականը:
Նախարարի խոսքով՝ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները սկսվել են 2015 թվականից։ Մասնավորապես, 2016 թվականից սկսվել են բուն վերանորոգման և շինարարական աշխատանքները։ Այս տարի` 2021 թվականին, ամփոփվեց այդ հնգամյա ծրագիրը։
«5 տարվա ընթացքում՝ 2021 թվականից մինչև 2026 թվականը, այն էներգաբլոկը, որն աշխատում է, գրեթե ամբողջությամբ նորացվել է, թարմացնել է, և բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ գեներատորներ, այլ սարքավորումներ, բոլորը փոխվել, նորացվել են, ինչը հիմք է տալիս վստահորեն ասելու, որ ատոմակայանի աշխատելու ժամկետը երկարացվել է, և մեր պլաններում է այն շահագործել մինչև 2036 թվականը։ Բոլոր նախապայմանները կան դրա համար, բոլոր աշխատանքներն արված են այս փուլում։ Հաջորդ տարիներին նույնպես որոշակի նախանշված աշխատանքներ կան, որոնք ըստ գրաֆիկի մենք կիրականացնենք», – ասաց նախարարը` շնորհակալություն հայտնելով այդ գործում հայկական կողմին աջակցություն ցուցաբերած ռուսաստանցի գործընկերներին, այդ թվում՝ պետական մարմիններին, մասնավոր գործընկերներին, շինարարներին և Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիային՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորությամբ։
Սանոսյանի բնորոշմամբ՝ հայ-ռուսական համագործակցությունը նշված ոլորտում բարձր մակարդակով են եղել, և բոլոր հիմքերը կան երկկողմ համագործակցությունը արդյունավետ կերպով շարունակելու ոչ միայն էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու գործընթացի շրջանակներում, այլև ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի շուրջ։