Բաժիններ՝

Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա անկանխիկ վճարել ապրանքի համար

Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործարքների վերին շեմը նախատեսվում է սահմանել 300 հազար դրամի մակարդակում, իսկ դրանից բարձր բոլոր գործարքները առաջարկվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։

«Մի շարք ոլորտներում ընդհանրապես կարգելվի օգտվել կանխիկից։ Դա, մասնավորապես, վերաբերում է բյուջե եւ բյուջեից վճարումներին, ինչպես նաեւ այնպիսի ոլորտներին, ինչպիսին են առողջապահությունը և կրթությունը»,- նշեց Աբրահամյանը։

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ 300 հազար դրամ թիվն ընտրվել է ոչ պատահականորեն։

«2020 թվականին հսկիչ-դրամարկղային կտրոնների 99 տոկոսը տրվել է շատ ավելի քիչ գումարով։ Ընդ որում՝ փոփոխությունները կներդրվեն աստիճանաբար։ 2022 թվականին դրանք ուժի մեջ կմտնեն Երեւանում, 2023 թվականին տարբեր մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասաց Աբրահամյանը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը համոզված է, որ պետությունը պետք է ապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անկանխիկ վճարել ապրանքի կամ ծառայության համար։

«Եվ տնտեսավարող սուբյեկտը չպետք է նրան մերժելու իրավունք ունենա»,- եզրափակեց Աբրահամյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս