Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերհսկողության ներքո. Սեյրան Օհանյան
«Այսօրվա մամուլի ասուլիսը «Հայաստան» խմբակցության մենք անց ենք կացնում ՀՀ համար բավականին լարված պայմաններում՝ այն դեպքում, երբ 2020 թվականի պատերազմից հետո կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը ՀՀ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում շարունակվում է»,- ԱԺ-ում հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարը համոզված է` տեղի ունեցողը պատերազմում պարտված իշխանությունների կողմից պարտվողական քաղաքականությանը համակերպվելու հետևանք է:
«Հենց այնպես խոսքեր չեն, երբ գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ նա շարունակում է ճնշումները պարտված իշխանությունների վրա, որովհետև միջազգային փորձը ցույց է տալիս, որ իրականում պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե՛ հակառակորդի, և թե՛ միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո:
Կարծում եմ, հակառակորդը, խոսելով խաղաղության մասին, մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ, որովհետև նրա գործողությունները, հռետորաբանությունն ու հայատյացությունը շարունակվում են. կոնկրետ գործողություններով, կոնկրետ քայլերով օրըստօրե փորձում են է՛լ ավելի ճնշել, է՛լ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում:
Ակնհայտ երևում է հատկապես Սյունիքի հատվածում՝ առաջինը՝ Կապան-Գորիս ճանապարհի վրա նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ, և նաև՝ Սյունիքի հատվածում՝ Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ: Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո, և հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և նաև՝ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակներում ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրն ադրբեջանցիների և թուրք-ադրբեջանական տանդեմի համար մնում է որպես հիմնական գործողություն՝ ըստ էության, «Զանգեզուր միջանցք» գաղափարն առաջ տանելու համար»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր բոյկոտել էին ԱԺ հերթական քառօրյան և հայտարարել, որ չեն պատրաստվում մասնակցել սնդիկի մասին քննարկումներին այն դեպքում, երբ ՀՀ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, և կան հարցեր, որոնց պատասխանները չեն ստացել:
Հիշեցնենք նաև, որ երեկ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ հրավիրել, որտեղ ներկա պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը և պատասխաներ սահմանային իրավիճակի վերաբերյալ պատգամավորներին հուզող հարցերին, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ արտահերթ նիստ չեն կարող հրավիրել՝ առաջարկը ոչ լիարժեք ներկայացնելու հիմնավորմամբ: