«Եթե Հայաստանը չի դիմադրում, ինչո՞ւ պետք է Ռուսաստանն անի ավելին, քան Հայաստանն է անում»․ Խրամչիխին

«Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ հայկական զորքը, զինվորները չեն դիմադրում: Բացարձակ անհասկանալի է, թե ինչն է նրանց խանգարում թույլ չտալ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած զարգացումներին:

Խրամչիխինն ասել է, որ իր համար բարդ է դատել, ասել, թե ինչու չեն կրակում կամ ինչու կրակելու հրաման չի տրվում: «Բայց, ի վերջո, եթե Ձեր իշխանությունները հանձնել են Ղարաբաղը, ապա ինչո՞ւ նրանք բավարարվեն միայն Ղարաբաղով և չտան, ասենք, Նախիջևանի միջանցքը: Եթե արդեն ընտրվել է նման կապիտուլիստական քաղաքականություն և, ի դեպ, նաև ԶՈՒ-ի հետ է, մեղմ ասած, ամեն բան ոչ այնքան լավ, ի՞նչ պատճառ կա զարմանալու: Գլխավորը, իհարկե, Մոսկվայում մեղավորներ գտնելն է»,- նշել է նա:

Ալեքսանդր Խրամչիխինը տեղի ունեցողի շուրջ որևէ սցենար չի բացառել, այդ թվում՝ այն, որ սա կարող է համաձայնեցված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի չստորագրվի փաստաթուղթ, այլ Ադրբեջանը գա և կանգնի այդ կետերում:

«Որևէ բան չեմ բացառում, որովհետև եթե կապիտուլիստական քաղաքականություն է վարվում, ապա այն վարվում է, ինչպես արդեն ասացի: Ոչինչ պետք չէ բացառել, ինչո՞ւ՝ ոչ»,- ասել է Խրամչիխինը:

Խոսելով տվյալ հարցերում Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Խրամչիխինն ասել է, որ իր համար բարդ է ասել, թե ինչ են մտածում Կրեմլում: «Բայց միանշանակ կերպով կարող եմ նշել՝ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, առավել ևս՝ տեսնելով, որ Հայաստանը չի դիմադրում: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը լինի ավելին, անի ավելին, քան Հայաստանն է անում, թեև դա նրանից պահանջում են, բայց ամեն դեպքում տարօրինակ է, թե ինչո՞ւ դա այդպես պետք է լինի»,- նկատել է վերլուծաբանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ»թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս