Որևէ էական խախտումներ այս պահին չեն գրանցվել, ինֆորմացիոն դաշտում նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում գործադիր իշխանության կողմից․ Դանիել Իոաննիսյան

Առավոտից բավականին հանգիստ է իրավիճակը, առանձնապես ուշադրության արժանի միջադեպեր չեն եղել։ Այս մասին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով այսօր Կապանում, Իջևանում, Ստեփանավանում անցկացվող ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքին հետևում են դաշինքի 88 դիտորդ,40–ը՝ Կապանում։

«Որոշ ուղղություններում նկատվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական գործընթացների վատ տիրապետել դեպքեր, նաև որոշ տեղերում նկատվել են տեխնիկական խնդիրներ։ Կապանից դեպի հարավ գտնվող տեղամասերում ցրտով պայմանավորված փորձել են վառարաններ տեղադրել, մի տեղամասում նույնիսկ տեղամասը որոշակի առումով ծխահարվել է։ Ընդհանուր առմամբ, պրոցեսը նորմալ է ընթանում և որևէ էական խախտումներ այս պահի դրությամբ չեն իրականացվել»,–ասաց նա։

Դանիել Իոաննիսյան նկատեց, որ նախընտրական փուլում Կապանում դիտվել է բավական ակտիվ քարոզարշավ, իրական մրցապայքար էր զգացվում ամեն քվեի համար։ «Ինֆորմացիոն դաշտում մեր կողմից նկատվել էր որոշակի առումով վարչական ռեսուրսի չարաշահում գործադիր իշխանության կողմից, մասնավորապես Կառավարության կողմից Կապանին հատկացված 9 միլիարդ դրամի կթական ծրագիրը»–ասաց նա և ուշադրություն հրավիրեց՝ Սուրեն Պապիկյանի կողմից թեկնածուներից մեկի հետ այցը նույնիսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան։

Անդրադառնալով Սյունիքի մարզում խնդրահարույց ճանապարհներին, նա նշեց, որ չունի տպավորություն, որ վերջին օրերի իրադարձություններն ազդել են ընտրողների մոտեցումների, ընկալումների վրա։ «Նույնը, օրինակ, կապված Ճակատենի ճանապարհի հետ, ճիշտն ասած շատ մեծ տպավորություն չկար, որ դա ազդում է ընտրողների քվեի վրա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում նաև համայնքի ղեկավարի ընտրություններ են։

Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։

Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։

Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս