
Դատարանը դադարեցրել է Բրիթնի Սփիրսի հորը խնամակալությունը երգչուհու նկատմամբ

Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել վերջնականապես դադարեցնել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը դստեր նկատմամբ, որը շարունակվում էր արդեն 13 տարի: Այս մասին հայտնում է CNN-ը:
Սփիրսի ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը, երգչուհու ու նրա փաստաբանի պնդմամբ, ժամանակավոր տրվելու է պրոֆեսիոնալ աուդիտորին:
Դատական նիստին Grammy-ի դափնեկիր Սփիրսը ներկա չի եղել: Նրա փաստաբանը հայտնել է, որ դա «փառահեղ օր է» երգչուհու համար: «Ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ մենք կարող ենք ասել, որ միայն մեկ մարդ՝ հենց Բրիթնին է իրավասու որոշել՝ ինչ անել հետո»,- ասել է փաստաբանը՝ հայտնելով, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ:
2008 թվականին Սփիրսը մասնակի անգործունակ էր ճանաչվել թմրամիջոցների և հոգեկական առողջության հետ կապված խնդիրների պատճառով: