«Մեր քաղաքացու արարքը բնական ռեակցիա է, երբ հանցագործը չի պատժվում, ապա մարդը փորձում է ինքն իր հարցերը լուծել»․ Վահրամ Բալայան
Այսօր առավոտյան մի քանի ժամով փակվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը, քանի որ Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկում միջադեպ էր գրանցվել։
Նախնական տեղեկությունների համաձայն, երբ նոյեմբերի 8-ին ջրատարի վրա աշխատող 22-ամյա հայ երիտասարդ էր սպանվել թշնամու զինվորի կողմից, հայ տղամարդն էլ որոշել է վրեժխնդիր լինել թշնամուց և նրանց ուղղությամբ նռնակ է նետել։ Ինչից հետո ռուսական կողմը նրան ձերբակալել է։
Գրանցված միջադեպից որոշ ժամանակ անց Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը բացվել է։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով միջադեպին, ասաց, որ ընդհանուր առմամբ թշնամու կատարած հանցագործությունների անպատժելիությունը ծնում է մեկ նոր հանցագործություն։
«Խոսքն այն մասին է, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում իր հաջողություններով շլացած՝ դիմում է տարբեր սադրիչ գործողությունների։ Այսինքն՝ ամեն ինչ անում են ու մնում են անպատիժ։ Սովորական խաղաղ բնակիչը, որը զբաղվում էր շինաշխատանքով, թշնամին սպանում է, և սա մնում է անարձագանք։
Ի վերջո, այդ սպանված խաղաղ բնակիչն ունի հարազատներ, հայրենակիցներ, որոնք նման ձևով պետք է արձագանքեին։ Հայկական կողմը պետք է հետամուտ լինի, որպեսզի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ադրբեջանական կողմից հանցագործը հանձնվի հայկական կողմին, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի տարածքում, և համապատասխան նորմերի շրջանակներում դատական գործընթաց տեղի ունենա։ Այս պահին քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, բնականաբար, ադրբեջանական կողմն առիթից օգտվելով՝ ավելի սանձարձակ է դառնալու»,- նշեց Վահրամ Բալայանը։
Նրա կարծիքով՝ բոլոր այս միջադեպերը խոսում են այն մասին, որ Արցախի հիմնահարցը կարգավորելու անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում նման միջադեպերը շարունակվելու են և ավելի հաճախակի բնույթ ստանան։
«Սա ինչ-որ տեղ նախազգուշացում է հայկական և ադրբեջանական կողմերին, ինչպես նաև միջնորդ պետություններին, որպեսզի ապահովեն հարցի շուտափույթ կարգավորում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։ Մեր քաղաքացու արարքը բնական ռեակցիա է, որովհետև երբ հանցագործությունը և հանցագործը չեն պատժվում, ապա ընդունված ու ավանդական կարգի համաձայն՝ մարդը փորձում է ինքն իր հարցերը լուծել։ Հանցագործությունները պետք է ժամանակին պատժվեն, որպեսզի մարդիկ նման քայլերի չդիմեն»,- նշեց Վահրամ Բալայանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Միջադեպի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: