«Պետք է կանգնենք ու ինքներս թելադրենք խաղի կանոնները, դիմակայելու բոլոր հնարավորությունները կան». Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին
Նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Միջադեպի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Նշենք, որ նույն օրը Շուշիում էին գտնվում Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի պաշտպանության նախարարը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին, նկատեց՝ այս ամենով Ադրբեջանն արտահայտում է իր բուն ատելությունը հայության նկատմամբ, նաև պետական մոտեցումները։
«Սա իրենց բուն քաղաքականության արտահայտությունն է, յուրաքանչյուր նման արարք խրախուսվում է Ադրբեջանի կողմից։ Ըստ էության, այդ մարդուն Ադրբեջանում պարգևատրելու են բարձրագույն պարգևներով, կարող են նաև հերոս հռչակել, ինչպես երևի արդեն պարգևատրել են մեր տրակտորիստին սպանողին»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա բնորոշմամբ, այս ամենով Ադրբեջանը փորձում է ահաբեկել արցախցուն, որպեսզի նրանք մտածեն Արցախը լքելու մասին և այլևս չվերադառնան։
«Այդ ամենը նաև հարված է հայ-ռուսական եղբայրությանը։ Մենք հստակ տեսնում ենք, որ այս ամենը պաշտոնական Բաքվի ծրագրերն են։ Մենք չպետք է վհատվենք, հասկանալով, որ նման պայմաններում պետք է մեր ծրագրերն ու պետականաշինությունն իրականացնենք։ Մենք նաև պետք է հասկանանք, որ գործ ունենք ահաբեկիչների, նացիստների հետ, պետք է կանգնենք ու ինքներս թելադրենք խաղի կանոնները, դիմակայելու բոլոր հնարավորությունները կան։ Ամեն ինչ մեզանից է կախված»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ միջադեպը կապվա՞ծ էր Ալիևի Շուշի ժամանելու հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում, քանի որ Ադրբեջանի իշխանության պարագլուխները Շուշիում էին։
«Ադրբեջանական կողմը չի կարող նման գործողություն կատարել, եթե վերևից չկա հրաման, այստեղ չէր կարող լինել անկազմակերպ քայլ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։