«Փախնելու մասին խոսք չկար։ Որովհետև մենք՝ մոբերս, քիչ էինք, հիմնականում երեխեքն էին… Հետո մեկ էլ կեսգիշերին ամեն ինչ լռեց»․ Արսեն Կարապետյան
Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէի ուզում գրել, չդիմացա։
Մի տարի առաջ Մարտակերտի կողմը ճակատի ամբողջ երկայնքով, աջից՝ ձախ, Մատաղիսից՝ Ասկերան, ամեն տեսակի հայտնի և անհայտ զինատեսակներից աննախադեպ հրետակոծության ընթացքում ժամկետային դիրքապահ զինվորների հետ պատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մարտակերտը հեռվից սև երկինքն էր լուսավորում, սիրուն կարմիր, ինչ–որ մեծ բան էր վառվում։ Ոչ մի բան չգիտեինք, ենթադրում էինք, որ ամբողջ հարավն ընկել ա, նույնիսկ Ստեփանակերտը։ Ակնհայտ էր, որ առաջնագիծը հարդուկվելու էր՝ գնար, թե մեր հետևը ինչ ուժեր կային (թե չկային), ո՛չ գիտեինք, ո՛չ էլ հետաքրքիր էր։
Պրակտիկ հարցեր էինք քննարկում. ո՞նց դիրքավորվենք, կռվե՞նք, թե՞ սպասենք գան՝ տրաքացնենք։ Լիքը իրար վրա ֆռացինք, օրինակ, միտք եղավ բլինդաժը մինապատել, հետո հասկացանք, որ մեզանից մի դլբյբ անպայման մի բան մոռացած կլինի, հետ կգնա՝ կտրաքի։
Փախնելու մասին խոսք չկար։ Որովհետև մենք՝ մոբերս, քիչ էինք, հիմնականում երեխեքն էին։ Վախենալու էր, շատ, բայց պանիկա չկար, ուղղակի հասկանում էինք, որ մեր հերթն ա կռվելու ու շանս չկա սաղ մնալու, բայց դե նորմալ ա։
Հետո մեկ էլ կեսգիշերին ամեն ինչ լռեց։ Զանգեցին՝ չկրակել Հրադադար ա։ Ուրախացանք, շատ, ժամանակ շահելը, շունչ քաշելը կայֆ բան ա։ Հետո ասեցին՝ հողերը տվել ենք։ Չէինք հավատում։ Ոռի գիշեր էր, լուռ ու անորոշ։ Հետո ավելի վատ ու անհասկանալի»: