«Հիմա կարող եմ ամպագոռգոռ հայտարարություններ անել, դրանից այդ կրակոցները չեն քչանալու՝ հակառակը». Ալեն Սիմոնյանը՝ Արցախում թշնամու գործողությունների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին երեկ Արցախում տեղի ունեցածի մասին, երբ թշնամին կրակել էր քաղաքացիական անձանց վրա, ինչ հետևանքով մեկ հոգի զոհվել էր, երեքը՝ վիրավորվել, բայց Հայաստանից ոչ թե կոշտ հայտարարություններ են հնչում, այլ՝ «խաղաղության դարաշրջան» բացելու վերաբերյալ խոսքեր։

Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ Ադրբեջանի այդ գործողությունները սադրիչ բնույթ են կրում.

«Ես ձեզ կարող եմ ասել, որ դրանք զուգորդվում են հակառակ հայտարարություններով։ Մենք այստեղ պետք է տեսնենք, թե մեր երկրի շահն այստեղ որն է։ Մեզ պետք է իրավիճակ, որտեղ մենք կկարողանանք Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ քննարկել ու շարունակել Արցախի հարցով այն քննարկումները, որոնք ընդհատվել են։ Գուցե թերթերի, ֆեյսբուքյան գրառումներ կատարելու համար կարելի է  ասել՝ վայ, իրենք այսպիսի բան ասեցին, բա մենք ի՞նչ ասենք։ Ներողություն եմ խնդրում, բայց մենք այստեղ չենք եկել, որպեսզի իրար ինչ-որ բան ապացուցենք, մենք եկել ենք այստեղ, որպեսզի մեր երկրի շահերը ներկայացնենք։ Հիմա, որ խոսենք պատերազմից, իրենք չե՞ն կրակելու, մեր պատասխանն ադեկվատ է, մենք չպետք է պատերազմ հրահրենք ու սկսենք, որովհետև մենք երբևիցե դա չենք արել։ Նույնիսկ արցախյան առաջին պատերազմից հետո։ Դուք առաջարկում եք պատերազմ սկսել»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողի հարցին՝ թշնամին Արցախում քաղաքացիական անձ է սպանել, որևէ պաշտոնական նոտա չպե՞տք է լինի դրա վերաբերյալ, ԱԺ նախագահը պատասխանեց, որ լրագրողի հարցի նման հարցերը որևէ դրական բան չեն բերում։

«Գուցե լավ է հնչում, հիմա ես կարող եմ տեսախցիկի առջև ինչ-որ վատ բառեր ասել, ամպագոռգոռ հայտարարություններ անեմ, դրանից այդ կրակոցներն ավելի շատանալու են, քան քչանալու են։ Մենք պետք է երկարատև խաղաղության ճանապարհով գնանք, որպեսզի կարողանանք մեր երկիրը կառուցել։ Այն, ինչ հիմա դուք անում եք, շատ վատ բան եք անում, ես նաև դատապարտում եմ ձեր գործունեությունը»,- դիմելով լրագրողին՝ ասաց Ա. Սիմոնյանը։

Սակայն այսքանով ԱԺ նախագահը չբավարարվեց, շարունակելով ու կրկին դիմելով լրագրողին՝ ասաց, որ հաճախ նրանց հայտարարությունները համընկնում են Ադրբեջանի հայտարարությունների հետ։ Իսկ լրագրողն ԱԺ նախագահին ընդամենը հարցրել էր՝ վստա՞հ են, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում։

«Դուք եկել եք այստեղ, տեսախցիկների առջև լոզունգներ եք հնչեցնում, կարող եմ ձեզ ժամանակ տրամադրել՝ դուք լոզունգներն ասեք։ Ես կարող եմ նաև ձեր հարցերին չպատասխանել, եթե լոզունգներ չունենք, անցնենք հաջորդ հարցին»,- կրկին դիմելով լրագրողին՝ ասաց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս