«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորել և գնալ առաջ». Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի 44-օրյա պատերազմին, նշեց, որ պետք է դասեր քաղել 30 տարվա անցած ճանապարհից, և այդ անցած ճանապարհն էլ հանգեցրեց նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։
«Ես չեմ ուզում գնահատականներ տալ, որովհետև գնահատականները հայտնի են։ Կարծում եմ՝ սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորել և գնալ առաջ, արդեն մեր սխալների վրա սովորելուց հետո։ Մենք երկար պետք է վերլուծենք, այդպես մատների արանքով մենք այս մեծ ցավին չենք կարող նայել, որովհետև մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար, երևի թե ամենաբարձր գինն ենք վճարել և շատ երկար մենք դեռ պետք է նայենք, վերհիշենք, մի հատ հասկանանք։ Այս առումով շատ եմ կարևորում ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որը մեր կողմից առաջ քաշվեց և ներդրվեց և մեր կողմից պետք է ստեղծվի։ Կարծում եմ՝ այդ աշխատանքը շատ կարևոր է, և այդ արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ մեր ապագայի համար»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ երբ է ստեղծվելու քննիչ հանձնաժողովը, Ալեն Սիմոնյանն ի պատասխան՝ ասաց՝ ցավում է, որ լրագրողները չեն լսել Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա այդ հարցին պատասխանել է։
«Ես նույնը կարող եմ ասել, որ օրենքը թույլ է տալիս, որ վեց ամսով ստեղծվի հանձնաժողով, և հետագայում ևս վեց ամսով երկարաձգել։ Գիտեք, որ ոչ բոլոր պատգամավորներն են ստորագրել գաղտնիության վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի գաղտնիության թույլտվություն ստանան։ Հանձնաժողովը միանշանակ գործելու է, բայց նպատակը զուտ հանձնաժողով ստեղծելու ու տեղը լրացնելու համար չէ, այն պետք է կոնկրետ նպատակ ունենա»,- հավելեց նա։
Պատերազմի օրերին օդի բաց լինելուն վերաբերող հարցին էլ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե ուղիղ եթերում չի կարող նման տեղեկատվություն հաղորդել։