Ինչպե՞ս հասկանալ՝ կեղծ բրենդի ապրանք եք գնե՞լ, թե՞ իրական․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն սպառողները բախվում են բրենդի կեղծման խնդրի հետ, երբ վճարում են ահռելի գումար, սակայն արդյունքում չեն ունենում բրենդային ապրանք: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն հանրահռչակ բրենդներին, այլ նաև տեղական: Սրա հետևանքով մեծ վնաս է հասցվում ապրանքանիշի հեղինակությանը, որը նա վաստակում է տարիների ընթացքում:
«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ այս խնդրին իրենք ևս առնչվում են: Ասում է՝ պետք է շեշտադրում անել այն հարցի վրա, որ շատ բան կախված է սպառողի զգոնությունից, այդ դեպքում նրան մոլորեցնելը շատ բարդ կլինի: «Եթե բրենդը հայտնի է սպառողին, նա որակից և գնից միանգամից կարող է հասկանալ՝ խոսքը կե՞ղծ, թե՞ իրական ապրանքանիշի մասին է:
Եթե նա առաջին անգամ է առնչվում այդ ապրանքանիշին, մի քանի պարզ քայլերի պետք է հետևի, այդ դեպքում խաբվելը շատ դժվար կլինի: Կա քայլերի հաջորդականություն, որը կօգնի սպառողին: Առաջին՝ եթե գործ ունենք կեղծ բրենդի հետ, ապա միանշանակ կլինի գնի տարբերություն: Երկրորդ՝ որտեղի՞ց է սպառողը ձեռք բերում ապրանքը: Եթե օնլայն տարբերակով է գնում կատարում, ապա ի՞նչ կայքից, այն ունի՞ կարծիքների բաժին, ինչպե՞ս է առաքումն իրականացվելու և այլն:
Եթե իքս ընկերության՝ Հայաստանում գործող ներկայացուցչության մասին է խոսքը, սպառողը կարող է ՊԵԿ-ի կայքի հարկատուների բաժնից տեղեկանալ՝ արդյո՞ք գործ ունի միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Եթե ընկերությունը վաճառք է իրականացնում, հետևաբար ներառված է հարկատուների շարքում, իսկ այն հրապարակված է ՊԵԿ-ի կայքում: Երրորդ՝ պետք է ուշադրություն դարձնել ապրանքի պիտակին:
Գնորդը պետք է նույնականացնի՝ բրենդի ամբողջական անունը ճի՞շտ է գրված: Մեկ տառի պակասը կամ այլ տառի օգտագործումը ևս ազդակ է սպառողի համար: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր պիտակի վրա պետք է լինի շտրիխ կոդ, որը հնարավորություն կտա ճշտել բրենդի արտադրման երկիրը: Սա լավագույն տարբերակներից մեկն է պարզելու, թե որտեղ է արտադրվել տվյալ ապրանքը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Միևնույն ժամանակ, եթե արդեն գնելուց հետո սպառողը պարզում է, որ ապրանքանիշի կեղծման հետ գործ ունի, կարող է կապվել բրենդի պաշտոնական գրասենյակի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարող է անել իր իրավունքների պաշտպանության համար: Իսկ եթե սպառողն ապրանքը գնում է օնլայն տարբերակով, այսինքն՝ այն շոշափելու և դրան այլ կերպ առնչվելու հնարավորությունն ավելի քիչ է, ինչի՞ն ուշադրություն դարձնել: «Օնլայն գնումների պարագայում գործ ունենք այլ իրականության հետ: Երբ որոշ ժամանակ առաջ հանդիպել էի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլ յանի հետ, բարձրաձայնածս առաջին խնդիրն օնլայն առևտուրն էր, որը, ցավոք, չի վերահսկվում ու կանոնակարգվում, և նույնականացման խնդիր է առաջանում՝ ո՞վ է վաճառք իրականացնողը, ինչպե՞ս է իրականացնում այն, հեռախոսահամարներն իրակա՞ն են, թե՞ ոչ, ինչպե՞ս են ապրանքի փոխանակում կամ վերադարձ իրականացնում և այլն:Օրինակ՝ այդ կայքերում կամ էջերում որպես իրազեկում պետք է նշվի, որ գուցե գույնի կամ չափսի հետ խնդիրներ առաջանան:
Սպառողը հստակ պիտի իմանա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, 14-օրյա ժամկետում, պահպանելով ապրանքի տեսքը և ՀԴՄ կտրոնը, այստեղ հաշվի առնելով՝ վաճառքը կանխիկ է կատարվում, թե բանկային փոխանցումով, իրավունք ունի փոխանակել ապրանքը կամ վերադարձ իրականացնել: Սա պետք է կանոնակարգված լինի: Նա նորից տեղեկություններ կարող է հավաքել ՊԵԿ-ից՝ օրինակ՝ պարզելու, թե արդյոք գործ ունի տնտեսվարող սուբյեկտի հետ, թե ոչ: Գործ ունենք շղթայական քայլերի հետ և ուշադիր լինելու պարագայում՝ սխալվելու հավանականությունը նվազում է:
Բացի դա, կարևոր է նաև, որ նման կայքերին ու էջերին բախվելիս սպառողները տեղեկացնեն ՊԵԿ-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, անգամ Ոստիկանությանը, քանի որ գործ ունենք քրեական հանցագործության հետ, բացահայտվում է խարդախություն»,-նշում է մեր զրուցակիցը:
Որպես խորհուրդ՝ եթե ցանկանում եք օնլայն տարբերակով բրենդային իրեր ձեռք բերել, նախապատվությունը և առաջնահերթությունը տվեք տվյալ բրենդի պաշտոնական կայքերին: «Բարձր որակավորում ունեցող բրենդները միանշանակ ունեն իրենց պաշտոնական կայքերը: Այս պարագայում վստահ կարող եք լինել, որ բրենդային ապրանք եք ձեռք բերել: Մեր տեսչական մարմինները պարբերաբար ստուգումներ են իրականացնում թե՛ ահազանգեր լինելու, թե՛ դրանց բացակայության պայմաններում: Ավաղ, օնլայն հարթակը դեռ մնում է անվերահսկելի»,ընդգծում է ՀԿ-ի իրավաբանը:
Որպես ամփոփում՝ սպառողների աչալրջության, պետական կառույցների՝ խնդիրներին օպերատիվ արձագանքելու և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ջանքերով սպառողն ավելի պաշտպանված կլինի, խախտված իրավունքները՝ վերականգնված»: