Սողացող կապիտուլյացիայի, ամոթի ու անարժանապատվության տարելից

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի ուշ գիշերին Նիկոլ Փաշինյանը միանձնյա, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիրը, որով Ադրբեջանին հանձնվեց Արցախի 75 տոկոսը, իսկ Արցախի մնացած հատվածը փաստացի հայտնվեց ռուսական պրոտեկտորատի կարգավիճակում։

Ուղիղ մեկ տարի է՝ Հայաստանն ու Արցախն ապրում են այդ կապիտուլյացիայի, դրա շարունակության տրամաբանությամբ։

Տեղի ունեցածի տարելիցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ափսոսանքի խոսքեր չի ասում ու ներողություն չի խնդրում արածի համար, այլ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում մեկ ժամ շարունակ գովերգում է այդ նույն կապիտուլյացիան ու դրա հետևանքով առաջ եկած «խաղաղության դարաշրջանի բացման» հնարավորությունները՝ Ադրբեջանին ուղիղ տեքստով խոստանալով, որ քանի դեռ ինքը Հայաստանում իշխանության է, հայկական բանակը կատարելու է միայն պաշտպանողական գործողություններ ու անգամ չի մտածելու պատմական հայկական տարածքները վերադարձնելու մասին։

Հայաստանի Հանրապետության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը Հայաստանի քաղաքացիներին պատկանող Հանրային հեռուստատեսության եթերում արդարացնում է Շուշին ու Հադրութը օկուպացնելու Ադրբեջանի քայլերը՝ անթաքույց հրճվանք ապրելով դրա ու հազարավոր հայորդիների մահվան արդյունքում ի հայտ եկած կոմունիկացիաների բացման հնարավորության առթիվ։

Նիկոլ Փաշինյանն ազդարարում է, որ ինքը շարունակելու է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ սկիզբ դրված պարտվողականության, ավելի գլոբալ կապիտուլյացիաներ ենթադրող քաղաքականությունը։

Գնդակը, ինչպես ասում են, Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի, մտավորականների, էլիտաների դաշտում է։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների նկատմամբ լռությունն ու անտարբերությունը նշանակելու են դրանց լեգիտիմացում, և հակառակը՝ դիմադրության անգամ փոքր դրսևորումները ցույց են տալու, որ Հայաստանում այդուհանդերձ կան արժանապատիվ քաղաքացիներ ու շրջանակներ և պատրաստ են գործողությունների՝ պարտադրվող անարժանապատվությունը թույլ չտալու համար։ Այդ առումով երեկվա հանրահավաքը չափազանց կարևոր էր՝ որպես այն բանի նշան, որ Հայաստանը չի կիսում սողացող կապիտուլյացիայի փաշինյանական քաղաքականությունը։

Բայց նույնքան կարևոր է, որպեսզի դիմադրության նման գործողություններն ունենան կուռ տրամաբանություն, օրակարգ և լինեն հետևողական ու շարունակական ոչ միայն ու ոչ այնքան հանրահավաքների քանակի, որքան դրանց ու  հետագա գործողությունների  բովանդակության առումով։

Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն անկաշկանդությունը լայն իմաստով պայմանավորված է հենց դիմադրության թուլությամբ ու անհետևողականությամբ, ինչն օգտագործելով և հղում անելով «պողպատյա մանդատին»՝ նա շարունակում է Հայաստանը տանել այն աղետալի ճանապարհով, որի սկիզբն իր գաղտագողի ստորագրությամբ դրեց մեկ տարի առաջ այս օրը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս