«Մեկ մարդ, որոշել է, որ ինքը սկսելու է բանակցությունները զրոյական կետից, ուրեմն՝ պետք է զրոյացներ մեր բոլոր առավելությունները». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր Ազատության հրապարակում անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին, նշեց, որ Արցախի առաջին պատերազմից հետո Հայաստանի բանակցային դիրքերը խարսխված էին մեր հաղթանակների վրա։

«Անվտանգության գոտին է Արցախի շուրջ՝ 7 շրջանները, ՀՀ մարտունակ բանակը և այն փաստը, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, Հայաստան-Ղարաբաղ ընդհանուր սահմանը։ Այդ ամենը մեզ ուժ էր տալիս բանակցային ամբողջ ընթացքում, քայլ առ քայլ մենք արձանագրում էինք դիվանագիտական հաղթանակներ։ Այդ առավելություններն այսօր չունենք, քանի որ մեկ մարդ որոշել է, որ ինքը սկսելու է բանակցությունները զրոյական կետից, ուրեմն՝ պետք է զրոյացներ մեր բոլոր առավելությունները»,- նշեց նա։

Շարունակելով միտքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ բանակցությունները հաջողված են լինում, երբ հենվում են փոխզիջումների վրա, և հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ կա փոխզիջելու։

«Ի՞նչ ռիսկեր են մեր առջև, շատ է խոսվում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, նաև Սյունիքով «միջանցքի» մասին։ Դելիմիտացիան նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի անկլավային վիճակն Ադրբեջանի կազմում։ Սա նշանակում է, որ մնալու  է մեկ լուծում՝ Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում»,- շեշտեց նա։

Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց, որ բացառվում է ստորագրել մեկ փաստաթուղթ, որի արդյունքում հավերժացվելու է ներկայիս կապիտուլյացիան։

Տեսանյութեր

Լրահոս