«Ձեր հալը հալ չէ՝ «խաղաղության դարաշրջան» ծրագիր իրականացնելու համար». Ռոբերտ Քոչարյան

Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պատերազմի մասին խոսելիս նոր բան ասելը դժվար է, քանի որ մեկ տարի այն բոլոր քննարկումների առարկան է եղել։

«Այսօր ուզում եմ շեշտել մի քանի փաստ։ Անհերքելի ու անժխտելի փաստ է՝ այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց  տարածքային ամբողջականության դաշտ և ըստ էության հրահրեց պատերազմ։

Իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմում պարտվելու համար։ Գիտակցաբա՞ր, թե՞ ոչ, այլևս կարևոր չէ, իր սխալ քայլերով, հիմարություններով։ Պարտությունը մեր ավելի շուտ է սկսվել, սկսվել է այն ժամանակ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, գլխատել բանակը, կադրային ջարդը բանակում, իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ իրենց հավատարիմ բանակ։ Բանակը, որը հավատարիմ է մեկ մարդու՝ չի կարող մարտունակ լինել։

Ամբողջ 44-օրյա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել, ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիան սկսող երկրին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնիսկ նման բան չի եղել, բա մի պետություն չկա՞ր՝ զանգեիր ու ասեիր՝ մի դատապարտող բան ասեք ագրեսիան սկսող երկրին։ Այդ ի՞նչ վիճակում եք հայտնվել, ի՜նչ մեկուսացված վիճակում եք եղել։ Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում՝ ձեր հալը հալ չէ՝ նման ծրագիր իրականացնելու համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա, այս համատեքստում ամենաանհասկանալին այն է, որ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հրթիռային հարված հասցնելու համար։

Շարունակելով, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով՝ նաև հոկտեմբերի 7-ին։ Սակայն այդ հնարավորությունը մերժվել է հանցավոր բացատրությամբ, հետևաբար՝ բոլոր տղաների մահը իշխանությունների խղճին է։

«Իրենք այս ամենի համար պատասխան են տալու»,- ընդգծեց Երկրորդ նախագահ Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս