
«Այս քայլերով ադրբեջանական կողմը մարտահրավեր է նետում ռուսական խաղաղապահ առաքելությանը». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ մինչ Ալիևը օկուպացված Շուշիում է, ադրբեջանական կողմը հերթական անգամ քաղաքացիական անձանց վրա կրակ է բացում: Արցախում ունենք մեկ զոհ և երեք վիրավոր: Սա է ադրբեջանական ու թուրքական կողմերի առաջարկած «խաղաղությունը», սրանք են նրանց ուղարկած «դրական ազդակները»…Այս ամենը տեղի է ունենում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական դիպուկահարի գնդակից ևս մեկ քաղաքացիական անձ էր սպանվել Արցախում՝ իր այգում աշխատելու ժամանակ:
Այս քայլերով ադրբեջանական և թուրքական կողմերը ոչ միայն ցույց են տալիս, որ հստակ ծրագիր ունեն հայաթափելու Արցախը և բնաջնջելու արցախահայությանը, այլ նաև մարտահրավեր են նետում ռուսական խաղաղապահ առաքելությանը: Սա հստակ մշակված և համառորեն իրականացվող քաղաքականություն է, որը չտեսնելն ու դրան համարժեք չգործելը էլ ավելի նոր անվտանգային խնդիրներ է առաջ բերելու»: