«Իրականում բանակը քանդում են, պոպուլիզմի են վերածում». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազատության հրապարակում  հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունների գործողությունների հետևանքով երկիրը հայտնվել է դժվարին իրավիճակում, սակայն այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհ կա։

«Կներկայացնեմ երեք կետ, որ այս իշխանությունները բանակի նկատմամբ անփույթ վերաբերմունքով, անգրագետ կառավարմամբ և, կարելի է ասել, նաև դավադիր գործողություններով չկարողացան ապահովել բանակի զարգացումը, պատերազմի ժամանակ հաջողությունները և ոչ էլ կանխել այն անհաջողությունները, որոնք այսօր ունենք։ Կառավարությունը, Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր ուժերը, նաև զինվորական, փորձագիտական բոլոր հնարավորությունները օգտագործեին և վերանայում անեին, որի ընթացքում կորոշվեր յուրաքանչյուր գերատեսչության, ոլորտի աշխատանքը։ Այդ դեպքում իշխանությունները չէին ասի՝ թող ուսանողները վերցնեն ինժեներական սարքավորումները, բահերը և գնան սահման ու խրամատներ փորեն։ Նրանք կիմանային, որ պետությունն այս բոլոր հնարավորություններն ունի»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նա ընդգծեց, որ այսօր իրականության մեջ է երկիրը, անվտանգության միջավայրը փոխվել է, սակայն ներկայիս իշխանությունները փոխանակ բանակն ամրապնդեն, կառուցվածքային փոփոխություններով ավելի արդյունավետ դարձնեն, հզոր դարձնեն նաև ամբողջ ռազմական ներուժը, նրանք այլ բան են անում։

«Իրականում բանակը քանդում են, պոպուլիզմի են վերածում, ի՞նչ է նշանակում՝ այս դժվարին իրավիճակում անցնել 1,5 տարվա ժամկետային ծառայության կամ 5 տարին մեկ մոբիլիզացիա անել, այսպես հնարավոր չէ։ Նայում ենք թշնամուն, առաջնագծում նոր տեղակայման դիրքեր, զորանոցներ են կառուցում։ Սպառազինությունը և սպառազինություն յուրացնելը ժամանակակից տեխնոլոգիաները, ճշգրիտ միջոցները,  ամենօրյա աշխատանքի արդյունքում պետք է հասցնել կատարելագործման։ Մեր ժամանակ ամենահզոր զորավարժություններն էին անցկացվում, էլ չեմ խոսում՝ մեր անկախության 25-ամյակին նվիրված հզոր զորահանդեսը»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս