Իշխանափոխությունից հետո կպարզվի` քանի հոգու է ասֆալտը մուլտիմիլիոնատեր դարձրել. Սայաթ Շիրինյան

«2018թ. իշխանությունը բռնազավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ ելույթներում նշում էր, որ իրենք եկել են Հայաստանում համակարգված կոռուպցիան ոչնչացնելու: Իրականում, սակայն, կոռուպցիան 2018-ից հետո ավելի համակարգված ու կազմակերպված բնույթ կրեց,- Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը, ապա բացեց փակագծերը՝ քողազերծելով իր կողմից մատնանշված կոռուպցիոն դրսևորումների դրվագները,- Այստեղ տեղին է հիշատակել իշխանությունների համար առանձնահատուկ գրավչություն և  քարոզչական հնարք ներկայացնող ասֆալտապատման աշխատանքները:

Ասֆալտապատման աշխատանքների համար իրականացվող մրցույթները կրում են ձևական բնույթ, հաճախ բոլորովին մրցույթներ չեն իրականացվում, կամ գրեթե բոլոր դեպքերում հաղթող են ճանաչվում յուրային պաշտոնյաների հարազատները, բարեկամները կամ փոխկապակացված անձինք՝ ինչպես Ալեն Սիմոնյանի հարազատ եղբորը պատկանող ասֆալտապատման և բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը հաղթող ճանաչվեց միլիոնավոր դրամների հասնող մրցույթում:

Իշխանափոխությունից հետո կպարզվի ՝ասֆալտը քանի հոգու է  մուլտիմիլիոնատեր դարձրել, իսկ այս պահին խոսվում է միայն  փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասին»:

Սայաթ Շիրինյանն արձանագրեց՝ մեկ անձից առանց մրցույթի ուղիղ գնումներն աննախադեպ չափերին են հասել. 2019 թվականին ուղիղ ընթացակարգով  գնումները 2017 թ. համեմատությամբ 70 տոկոսից ավելի աճել են:

«Սրանք անգամ պատերազմի ողբերգության վրա են փող աշխատել. մեկ անձից գնում են կատարել նույնիսկ զոհերի դիերի ճանաչման ԴՆԹ նույնականացման գործընթացում, 2 միլիոն դոլարից ավել մեկ անձից գնում են կատարել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար: Կլասիկ կոռուպցիայի դրսևորում է  Համահայկական հիմնադրամից 108 միլիոն ԱՄՆ դոլարի անօրինական փոխանցումը պետբյուջե, որը դրանից հետո դարձավ իրենց յուրայինների համար պարգևավճար: Մինչ օրս չի հերքվել նաև այն, որ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ պետբյուջեից կանխիկացվել է 5 մլն դոլարին համարժեք դրամ, և այդ կանխիկացման գործընթացն իրականացվել է մեզ քաջ հայտնի «շիշ բռնողի»՝ Հայկ Սարգսյանի եղբոր կողմից»:

Այս համատեքստում նա խոսեց նաև տնտեսվարողներից կամավոր-պարտադիր սկզբունքով  Աննա Հակոբյանի երկու հիմնադրամներին փոխանցվող միլիոնավոր դոլարների հասնող գումարների մասին, Ալեն Սիմոնյանի, Հրաչյա Հակոբյանի և Էդիկ Աղաջանյանի հունական ժամանցի, մաքսանենգ սիգարետների արտահանման մասին:

«Սրանք արձանագրված փաստեր են, որ իշխանափոխությունից հետո անպայման բացահայտվելու են,- վստահեցրեց «Հայաստան» դաշինքի անդամը, ապա անդրադառնալով արագաչափերի մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նկատեց,- Հիմա ո՞վ է հարստանում, ո՞ւմ գրպանն են գնում այդ գումարները,  միգուցե իշխանությունների սրտի օլիգարխ, «յառմրկի բիզնեսմենի՞:

2020 թվականին ՔՊ խմբակցության օլիգարխ պատգամավորին փոխկապակցված ընկերություն է հիմնադրվում, ինչին անմիջապես հետևում է պատվերը՝ 1 միլիարդ 300 միլիոն դրամի չափով՝  ՊՆ կողմից: Այդ ընկերության ծառայություններից օգտվում են Դատախազությունը, ԱԻՆ-ը, ՔԿ-ն:  Այդ օլիգարխին փոխկապակցված ընկերությունը երկրորդ պատվերը ստացել է սույն թվականի հոկտեմբերի 1-ին, այս անգամ արդեն՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի չափով՝ դարձյալ ՊՆ կողմից:

Ընդհանուր առմամբ, այդ ընկերությունը ստացել է 6 միլիարդ 919 միլիոն դրամի պատվեր, որից  6 միլիարդ 778 միլիոնը՝ ՊՆ-ից:

Դե հիմա ասեք՝ կոռուպցիան պոզով-պոչով է՞ լինում»:

Սայաթ Շիրինյանը համոզված է՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այս իշխանությունների օրոք խորացել է. նա հիշեցրեց Հրաչյա Հակոբյանի, Ռաֆիկ Մաշադյանի, Սիփան Փաշինյանի, Ղալումյանների մասին, ապա անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանին. «Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին  երկու անգամ զինվորական ծառայությունից տարկետման իրավունք է ստացել, ինչպես ասում են՝ հայր և որդի… բախտը բերեց իշխանափոխությամբ»:

«Կոռուպցիան ամենուր է, համատարած.  իմ կողմից թվարկված կոռուպցիոն դրսևորումները եղածի մեկ տոկոսը չեն կազմում: Այս իշխանությունները առիթը բաց չէին թողնում նախկին իշխանություններին կոռուպցիայի և թալանի մեջ մեղադրելու համար, բայց մինչ օրս որևէ կոռուպցիոն դեպք բացահայտված չէ:

Այս իշխանությունները սարսափում են մեր ազգի համախմբումից, միասնականությունից, ինչպես սատանան դիվահար կլիներ խաչից:

Մեզ անհրաժեշտ է համախմբվել, բռունցք դառնալ, որ հետևողականորեն կարողանանք դուրս շպրտել սրանց իրենց աշխատասենյակներից, իրենց աթոռներից, իսկ դա մենք կարող ենք. հավատացեք ինքներդ ձեզ և վստահեք մեզ»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի անդամը:

Տեսանյութեր

Լրահոս