«Դիմում եմ ոչ միայն հերոսածին ծնողներին, այլև բոլոր ողջամիտ մարդկանց, թույլ մի տվեք, որ մեր երկիրը բզկտեն ու նվիրեն թշնամուն». Զոհվածի մայր
Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Օհանջանյանի մայրը՝ Էլիզաբետա Բուդաղյանը։
Նա հիշեցրեց որդու խոսքը, որը պատերազմի ժամանակ իր հետ խոսելիս մշտապես ասել էր.«Մա՛մ, հիշիր, ինչ էլ լինի, դու գլուխդ բարձր ես քայլելու»։
Մոր գնահատմամբ՝ իր որդու այս խոսքը նահատակված բոլոր տղաների դիմումն է իրենց մայրերին։
«Հիմա ես եմ դիմում ձեզ, հերոսածին մայրեր, հայրեր, գլուխներդ բարձր պահեք։ Այդ թշնամին, մեր տղաներին մահվան ճիրաններ ուղարկողն է ուզում, որ մենք խեղճանանք ու կոտրվենք ու սգի մեջ ապրենք, սակայն մեր տղաներն այլ բան են ուզում, նրանք ուզում են, որ մենք կիսատ չթողնենք իրենց գործը։ Ես դիմում եմ ոչ միայն հերոսածին ծնողներին, այլև բոլոր ողջամիտ մարդկանց, թույլ մի տվեք, որ մեր երկիրը բզկտեն ու նվիրեն թշնամուն։ Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել՝ հավաքվել ենք ոչ միայն մեր հերոս տղերքին հիշելու, այլև բոլորս միասին ասելու՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չի լինելու նաև «միջանցք», որը նվիրելու են թշնամուն»,- նշեց Էլիզաբետա Բուդաղյանը, որի խոսքին հաջորդեց ներկաների վանկարկումը՝ «Չի լինելու»։
Նա նաև շեշտեց՝ Հայաստանը չի թուրքացվելու, որովհետև իրենց որդիները կռվել են, կյանք են տվել, որպեսզի այսօր հայերն արժանապատիվ ապրեն, Արցախը պահեն ու Հայաստանը դարձնեն ուժեղ պետություն։
«Մենք իրավունք չունենք խեղճանալու, իրավունք չունենք խեղճի դիրքերից հանդես գալու։ Այսօր ՀՀ ղեկավարությունը հանդես է գալիս խեղճի դիրքերից, նրանք այնքան են խեղճացել, որ ինչ թելադրում են, այնպես էլ անում են։ Պատերազմի սկզբում՝ հոկտեմբերի առաջին օրերին, պատերազմի դաշտից իմ Արմանն ասում էր. «Մամ իմացիր, այդ հողերը և մեր կյանքերն էլ հետը իշխանությունները նվիրել են Ադրբեջանին»։ Իմ 23 տարեկան Արմանը, որ արդեն հասցրել էր ամուսնանալ, հրաշք տղա ունենալ, կամավոր մեկնեց, ու մեկնելուց էլ ասում էր, որ գնում է, որպեսզի իր տղան հետո չգնա։ Մեր տղաները բոլորն են գնացել, որպեսզի մենք ապրենք խաղաղ ու կապույտ երկնքի տակ։ Շատերն այդ օրերին դիմեցին զինկոմիսարիատներ, սակայն մերժում ստացան, արդեն հասկանալի էր, որ փորձ ունեցող մարդկանց չէին թողնում հասնել պատերազմի դաշտ։ Սակայն որդիս կարողացավ մեկնել ու պատերազմի դաշտում հասցրեց տեսնել զինվորի ու նրանց հրամանատարների սխրագործությունները, նաև զգաց նահանջ հրամանի հետևանքները։ Արմանս զոհվեց ոչ թե թշնամու քաջագործությունների հետևանքով, այլ արտաքին ու ներքին թշնամիների, նրանց կատարած քայլերի համար»,- ասաց Էլիզաբետա Բուդաղյանը։
Պատերազմում նահատակված զինվորի մայրը պատմեց նաև, որ հոկտեմբերի 20-ին կապ են տվել Իշխանաձորի մոտ ու ասել, որ վիրավորներ կան, պետք է օգնել, Արմանը նստել է վարորդի կողքին ու գնացել վիրավորներին օգնության։ Սակայն պարզվել է, որ վիրավորները հայի համազգեստով թուրքեր են եղել, մոտենալուց կրակել են, Արմանը վիրավորվել է, և մինչև օգնություն կհասներ՝ Արմանը զոհվել է։
«Մի վախեցեք, մի վախեցեք, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս վիճակից դուրս բերել»,- եզրափակեց Էլիզաբետա Բուդաղյանը։