Այսպես կոչված, նախկինների ժամանակ ամենահզոր զորավարժություններն են անցկացվել. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթը սկսեց՝ հիշեցնելով՝ մեկ տարի է անցել հայ ժողովրդի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմից։

«Այս մեկ տարվա ընթացքում այս իշխանությունները, պետության ղեկավարությունը գնահատականի չի արժանացրել ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին, այլև այն իրողություններին, որոնք այսօր կատարվում են Հայաստանում, թե ի՞նչն է  բերել պատերազմի, ինչո՞ւ պարտվեցինք։ Այդ ամենը անելու փոխարեն՝ նրանք փորձում են պարտության բեռը դնել նախկինների վրա, մասնավորապես՝ բանակի վրա, հայտարարելով, թե ձախողել են բանակաշինությունը։ Բանակը մեր, ձեր միջոցներով է կառուցվել, ձեզ հետ միասին, հայ ժողովրդի ծոցից է դուրս եկել բանակը և բանակը երբեք անձեռնմխելի չի եղել։ Բանակը մշտապես գտնվել է վերհսկողության ներքո, քաղաքացիական, ժողովրդավարական, ըստ էության ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքից դեսպան եք ունեցել բանակում։

Այս իշխանություններն են բանակը քանդել, ամեն օր հարվածել բանակին, կադրային փոփոխություններով Պաշտպանության նախարարի, ԳՇ հրամանատարի արագ փոփոխություններով։

Կառուցվածքային փոփոխություններ են արել, ուռճացնելով կենտրոնական ապարատը և կրճատելով մարտական մոբիլիզացիոն ստորաբաժանումները։ Իրենց քաղաքականությանը համահունչ բանակը փիառի մակարդակի հասցնելով՝ նրա զարգացման գործընթացը իջեցնելով սովորական տնտեսական մակարդակի։ Սա է պատճառներից մեկը, որ այս պատերազմում պարտություն կրեցինք»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, պատերազմում պարտություն է կրել ոչ թե բանակը, այլ պետությունը, պետական կառավարման ցածր մակարդակը, պետության բոլոր հնարավորությունները ռազմական ռելսերի վրա չտեղափոխելը, բանակին մենակ թողնելը։ 260 կմ տարածքում  «ոչ մի քայլ հետ» հրամանով զինվորներն ու հրամանատարները կռվել են։

«Իսկ ո՞ւր էր այս պետության ղեկավարությունը, երբ մխրճում տեղի ունեցավ հարավային հատվածում և չկարողացան գնալ ու բանակին թիկունք կանգնել, վերախմբավորում անել և կանգնել զինվորի կողքին։ Շքանշաններով, մեդալներով պարգևատրելը շարքային, հասարակ ու դրամական մակարդակի իջեցրեցին»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս