«Կեղծ, ցնորամիտ խաղաղասիրական գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի». Իշխան Սաղաթելյան

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հանրային դիմադրության հանրահավաքը։

Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, հիշեցնելով, որ մեկ տարի առաջ, երբ սկսվեց Արցախի 44-օրյա պատերազմը, հայ մարդն ամեն ինչ արեց իր հայրենիքը պաշտպանելու համար։

«Պատերազմ գնաց հայ մտավորականը, հայ գյուղացին, երաժիշտը, ուսուցիչը, սփյուռքում մեծացած կանադահայը, սիրիահայը, պարսկահայը, պատերազմ գնացին երկու եղբայր, հայր ու որդի, գնացին, որպեսզի հայ մարդը արարի ու զարգանա իր սեփական հայրենիքում, որպեսզի ունենանք հայկական Արցախ ու Հայաստան։ Ցավոք, Հայաստանի ղեկին հայտնված խմբակը իր անկարողությամբ, դավաճանությամբ ու անգործությամբ երկիրը տարավ կապիտուլյացիայի։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, նոյեմբերի 11-ին մենք հավաքվեցինք այստեղ մեկ պահանջով՝ հեռացնեն երկրին աղետ ու չարիք բերած անձին, մենք 8 ամիս փողոցում պայքարել ենք, սակայն մեր նպատակին դեռ չենք հասել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկեցին որպես միջոց և հնարավորություն իշխանություններին հեռացնելու համար, ցավոք, այդ ընտրություններում հաղթեց սուտն ու կեղծիքը, ամբոխավարությունը, որի արդյունքում իշխանությունը վերարտադրվեց։ Ընտրություններից հետո էլ շարունակվում է հայրենիքի կորուստը, շարունակվում է  թշնամու ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Իշխանություններն այդ ամենի դեմ չեն պայքարում և չեն դիմադրում։

«Կեղծ, ցնորամիտ խաղաղասիրական գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի։ Ո՞րն է մեր խնդիրը. Պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ պարտությունից հետո տվյալ պետությունները և ժողովուրդներն իրենց մեջ գտել են ուժ և ոտքի են կանգնել, մենք միասին պետք է մերժենք Հայաստանի կործանման ճանապարհը։ Պատերազմն ավարտված չէ, ժամեր առաջ Շուշիի մոտակայքում կրկին ունեցանք քաղաքացիական զոհ։ Թշնամին շարունակում է  հավակնություն ունենալ Սյունիքի նկատմամբ, փորձում է  հայաթափել Արցախը և թուրքացնել Հայաստանը՝ պետք է ձևավորենք համազգային դիմադրություն։ Եկեք պայմանավորվենք՝ այսօր հիմք են դնում համազգային դիմադրության, որը կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը և կկանխի նոր կապիտուլյացիան»,- հավելեց Ի. Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին և ներքին։ Արտաքին ճակատում ողջ աշխարհին, մասնավորապես՝ թշնամիներին պետք է ցույց տրվի  և ապացուցվի, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, նա մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու համար։ Իշխանության կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ ընդդիմության  կողմից լինելու է անընդունելի։  Դիմադրություն պետք է ցույց տրվի նաև ներքին կյանքում՝ երկիրն ու հայրենիքը քայքայող բոլոր երևույթների հանդեպ։

«Բոլոր ոլորտներում պետք է ձևավորենք մեծ ու փոքր դիմադրություններ՝ մեր պետության անկումը կանխելու համար։ Հայաստանը չի թուրքացվելու, լինելու է ազատ, անկախ և ինքնիշխան երկիր»,- եզրափակելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ շուտով մարզերում գործելու են գրասենյակներ, որտեղ կարող են հավաքագրվել և դառնալ դիմադրության շարժման անդամ։

Տեսանյութեր

Լրահոս