Սուրեն Պապիկյանին «ստիպված» են ընտրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը որևէ հակասություն չի տեսնում այն հարցում, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։
«Ես դիմում եմ այն մարդկանց, որոնք ուզում են խոսել այս թեմայի շուրջ և հակասություններ տեսնել, միայն մեկ խորհուրդ կտամ՝ որևէ հարց քննարկելուց առաջ մտնեն՝ հարցի էությունը, պատմությունն իմանան, նոր խոսեն այսօրվա իրավիճակի մասին։ Ի՞նչ է կատարվել՝ կատարվել է շատ պարզ մեկ բան։ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին, որտեղ հստակ գրված է, որ այո, հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել մարդիկ, ովքեր զբաղեցնելու են քաղաքական պաշտոններ։ Այդ օրենքն ԱԺ-ն ընդունեց, և Սահմանադրական դատարանը որոշ դրույթներ, ոչ ամբողջովին, ճանաչեց հակասահմանադրական, մենք էլ ընդունեցինք ի գիտություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Դումանյանը։
Ըստ նրա, այդ ընթացքում ներկայացրած օրենքի նախագիծը, երբ ԱԺ-ի քվեարկելուց հետո մտավ ՍԴ, ինքն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ գերնպատակը բուհերում մթնոլորտի բարելավումն է։
«Այն ժամանակ ես մթնոլորտը գնահատում էի ոչ բուհական, հիմա բավականին բարելավվել է։ Այդ ամենը կապված էր հոգաբարձուների քվեարկությունների, ռեկտորի ընտրության և այլ հարցերի հետ։ Ռեկտորի ընտրության ճանապարհին, քանի որ օրենքը չմտավ գործողության մեջ, որտեղ չպետք է լինեին քաղաքական դեմքեր, այնտեղ վիճարկվեց այլ խնդիր, որ ոչ թե քաղաքական, այլ… այսինքն՝ եթե այդ օրենքը լիներ, դուք քաղաքական դեմքեր չէիք տեսնի այսօր, որովհետև ներկայացված օրենքում հստակ այդ մասին գրված է։ Սա այդպես պարզունակ պրոցես չէ, որ երկու բառով ասես, այնպես, ինչպես հաճախ անում են մեր գործընկերները, որոնք այնքան պարզունակ են այս ամենը ներկայացնում, որ ուզում են հանրության մոտ կարծիք ստեղծեն, թե՝ տեսեք, այն, ինչը քննադատում էին, հիմա իրենք են անում»,- հավելեց պաշտոնյան։
Միաժամանակ ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ այն, ինչ իրենք քննադատում էին նախկինում, այսօր էլ է քննադատվում, և այսօրվա ներկայացրած օրենքի նախագծում դա բացակայում է։
«Մենք ստիպված, ժամանակ չկորցնելու համար հիմա վերադարձել ենք գործող օրենքին։ Դուք չեք կարող ընտրել այնպիսի մարդու, որն ամբողջությամբ դուրս լինի պետական ապարատից»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԵՊՀ խորհրդի նիստը փակ է եղել լրագրողների համար, Վահրամ Դումանյանը հարցրեց՝ իսկ ինչո՞ւ պետք է ուղիղ եթերով հեռարձակվեր։ Անձամբ ներկա չի եղել նիստին, սակայն համաձայն է, որ այն չպետք է ուղիղ հեռարձակվեր։
Այնուհետև նախարարը լրագրողներին հորդորեց իրեն հետաքրքիր հարցեր տալ, որովհետև այդ հարցն այլևս հետաքրքիր չէ։