«Սպասում ենք՝ 3 ժամը լրանա, նոր մենք սկսենք արդեն իրավական գործընթացներ». Դավիթ Մինասյանը դեռ 6-րդ վարչությունում է
Մամուլի հրապարակման համաձայն՝ քիչ առաջ Ոստիկանության 6-րդ վարչություն է տարվել Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, որը առաջիկա ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Դավիթ Մինասյան» դաշինքը:
Հրապարակման համաձայն՝ «իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի, հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին»։
Փարաքարի համայնքապետը դեռևս գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում: Այսօր ժամը 14:00-ի սահմաններում 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
«Առայժմ մենք նորություններ չունենք: Ենթադրում ենք, որ զուտ ինչ-որ քննարկման կամ ինչ-որ աշխատանքներ տանելու նպատակով են հրավիրել, քանի որ բերման ենթարկում չի եղել: Իրականում հրավիրել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: Դեռ տեղեկություն չունենք: Սպասում ենք՝ 3 ժամը լրանա, նոր մենք սկսենք արդեն իրավական գործընթացներ՝ սահմանված օրենքով, օրենսդրական մնացած բոլոր ակտերով»,- ասաց Գոռ Սարիբեկյանը:
Հարցին՝ արդյո՞ք Սարիբեկյանը փաստաբանի հետ է վարչություն գնացել, Փարաքարի փոխհամայնքապետը պատասխանեց.
«Դավիթ Մինասյանը մենակ է գնացել: Առայժմ չենք տեսնում փաստաբանի անհրաժեշտություն, քանի որ մենք ինքներս գիտենք, որ որևէ խնդիր ունենալու հնարավորություն ուղղակի չկա»:
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե այս կերպ իշխանությունը փորձում է խաղից հանել Դավիթ Մինասյանին, փոխհամայնքապետը ասաց, թե ուզում է հավատալ, որ կատարվածում քաղաքական ենթատեքստ չկա:
«Ամենամեծ ցանկությամբ ուզում եմ հավատալ, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա, քանի որ մեր երկիրը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով, իսկ նման ճնշումները կհանգեցնեն մեր ժողովրդավարական սկզբունքների կոնկրետ ոտնահարմանը: Ես մեծ հույս ունեմ, որ դա քաղաքական ենթատեքստ չի կրում»,- պնդեց Գոռ Սարիբեկյանը:
Նշենք նաև, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում Փարաքար համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է: