
«Ունենք մոտ 50 երեխա, որոնք արդեն պատվաստվել են». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հացրին, թե հնարավո՞ր է՝ թեստերի գների նվազում լինի, մանավանդ, որ դեկտեմբերից քաղաքացին պետք է շաբաթը մեկ թեստ հանձնի:
«Նախարարությունը շատ զգոն է լինելու, այս պահին էլ մենք մոնիտորինգ ենք իրականացնում այն լաբորատորիաներում, որոնք թեստավորում են անում, որևէ կերպ թույլ չենք տալու, որպեսզի քանակական ավելացումները բերեն որակի նվազման։ Այսինքն՝ լաբորատորիան պետք է կատարի այնքան թեստավորում, որի թե՛ սարքավորումների, թե՛ մասնագիտական ներուժն ունի նա։ Ինչ վերաբերում է թեստերի գներին, ապա որոշակի նվազում եղավ, հետո բարձրացում տեղի ունեցավ։ Այս հարցով ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարում։ Այո, կան շատ ցածրարժեք թեստեր, բայց մեր խնդիրն է, որպեսզի ապահովենք թեստերով հետազոտությունները։ Թեստերի գինը որևէ առումով Առողջապահության նախարարության գործառույթների մեջ չի մտնում»,- շեշտեց Անահիտ Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է երեխաների պատվաստվելուն, Առողջապահության նախարարն ասաց, որ ստեղծվել են 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներին պատվաստելու հնարավորություններ՝ ծնողների թույլտվությամբ և գրավոր համաձայնությամբ
«Ունենք մոտ 50 երեխա, որոնք արդեն պատվաստվել են։ Այս պահին որևէ պատվաստանյութի պակաս չկա, մենք ապահովված ենք բոլոր տեսակի պատվաստանյութերով, դրանք բոլորը հավասար կերպով արդյունավետ են, և այս պահին շատ կարևոր է չհապաղել և օր առաջ գնալ ու պատվաստվել։ Տեղեկացնեմ, որ ավարտվել է ԵՄ-ի հետ փոխճանաչման գործընթացը, և մեր հավելվածի ներքո գործով QR կոդերը ճանաչելի են նաև ԵՄ երկրների կողմից»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։