Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու է ձգձգվում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ձգձգվում Ազգային ժողովում Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող հանձնաժողովի ստեղծման գործընթացը:

Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ ե՞րբ կստեղծվի Ազգային ժողովի հանձնաժողով, որը կքննի պատերազմի պատճառները և արդյունքները, ինչպես նաև ընդդիմության հայտարարությանը, թե կբոյկետեն հանձնաժողովի աշխատանքը, եթե այնտեղ ուժերի համամասնությունը խախտվի:

«Մենք այնտեղ ուժերի բալանսի մասին ե՞նք խոսում, թե՞ ճշմարտության բացահայտման մասին ենք խոսում։ Ի վերջո, այնտեղ տեղի է ունենալու բովանդակային քննարկում, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել արտահայտել իր կարծիքը։ Եվ եթե կեղծիք լինի, մատնանշել այդ կեղծիքը և ապացուցել այդ կեղծիքի առկայությունը։ Հաջորդ հարցը, թե երբ կստեղծվի հանձնաժողովը։ Ըստ էության, տեսեք` ինչո՞ւ մինչև հիմա չի ստեղծվել հանձնաժողովը։ Շատ պարզ պատճառով։ Նախ, գիտեք, որ հանձնաժողովը գործնականում ստեղծված է, որովհետև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` անվտանգության ոլորտում քննիչ հանձնաժողովի դերը կատարելու է նույն անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը։ Այսինքն` հանձնաժողովը կա, գոյություն ունի։ Մինչ հիմա ինչո՞ւ չի ստեղծվել։ Որովհետև նախ ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական հույժ գաղտնի նյութերի հետ առնչվելու թույլտվություն։ Դրա համար կա օրենքով նախատեսված գործընթաց, իսկ այնտեղ նյութերի մեծ մասը քննարկվելու է հույժ գաղտնիության ռեժիմով»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ պայմանավորվածություն ունեն, որ արտախորհրդարանական ուժերը պիտի ներգրավվեն, և նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները պիտի ներգրավվեն։ Գործող օրենքով այդպիսի պրոցեդուրա՝ ուղղակի հանձնաժողովի կազմ ընդգրկելու, գոյություն չունի։ «Եվ հիմա դիտարկվում են տարբերակներ, թե ինչպես նրանց, նաև նրանց համաձայնությամբ ներգրավել, որովհետև Ձեր նշած այդ բալանսը, ըստ էության, չի կարող խախտվել, որովհետև հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն է գործում, և այնտեղ որոշումները կայացվում են «ԱԺ կանոնակարգ» օրենքով։ Եթե բալանսի մասին է խոսքը, այսպես, թե այնպես ի սկզբանե իշխանությունն այնտեղ ունի մեծամասնություն»,- մանրամասնել է վարչապետը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե կարևոր է մթնոլորտը, որովհետև այն անունները, որ հնչում են` Սամվել Բաբայան, Դավիթ Սանասարյան, Նորայր Նորիկյան, նրանք այսպես, թե այնպես ավելի շատ հակաընդդիմադիր են,՝ Փաշինյանն ասել է. «Այդ անուններն ինչպե՞ս են ի հայտ եկել։ Դուք գիտեք, որ կա արտախորհրդարանական ուժերի ֆորմատ։ Այդ ֆորմատում հարցը բարձրացվել է, և ես ասել եմ, որ մենք քաղաքական որոշում ունենք, որ ներկայացուցիչներ ընդգրկենք, խնդրեմ՝ դուք որոշեք, թե ովքեր են։ Իրենք առաջարկել են, որ 3 ներկայացուցիչ լինի առանց անունների, ես ասել եմ` մենք խնդիր չունենք և առաջարկել եմ, որ իրենք կազմից 3 հոգի ընտրեն։ Քվեարկություն է տեղի ունեցել` 3 հոգու ընտրել են։ Այսինքն` արտախորհրդարանական ուժերի ներգրավվածությունը մենք, ըստ պայմանավորվածության, պետք է ապահովենք։ Բայց այսպես, թե այնպես հանձնաժողովում հավասարակշռությունը չի կարող խախտվել, որովհետև մենք չենք կարող մարդկանց պատգամավորի կարգավիճակ տալ։ Այո, հանձնաժողովի աշխատանքներին նրանք լիարժեք կմասնակցեն, նրանք էլ ազատ կլինեն տեսակետներ, կարծիքներ արտահայտել, հարցեր հնչեցնել։ Բայց հիմա տեսեք` ի՞նչն է խնդիրը. նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքով ասվում է, որ քննիչ հանձնաժողովը պետք է գործի 6 ամիս և կարող է երկարացվել ևս 6 ամիս։ Հիմա մենք չենք ուզում այս զուտ տեխնիկական ընթացակարգային հարցերի վրա ծախսել այդ 6 ամիսներից։ Այսինքն` մենք ուզում ենք այս ընթացակարգային հարցերն ավարտել, և հենց հանձնաժողովը՝ դե յուրե գոյություն ունենալու առաջին օրից արդեն բուն թեմայով զբաղվի, որպեսզի այդ 6 ամիս ժամկետը պահպանվի։ Իհարկե, տեսականորեն մենք կարող ենք «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարել, երկարացնել, բայց նաև կարևոր է, որ այդ հանձնաժողովի գործունեության ժամկետն այդպես անսահման չլինի, որովհետև Դուք ասացիք, որ հանրությունը պատասխաններ է ակնկալում։ Պիտի ասեմ, որ անձամբ ես շատ շահագրգռված եմ, որ այդ պատասխանները հնչեն, և ես ակնկալում եմ, որ այո, պիտի ոչ միայն ռազմական, բուն պատերազմի դրվագները քննվեն, ինչը նույնպես շատ կարևոր է։ Պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը, ի վերջո, պատասխանի նաև մեկ հարցի. ես, օրինակ, ասում եմ, որ 2018 թվականից հետո՝ իմ վարչապետ ընտրվելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակն ասի՝ մեզ այս ինչ բանը պետք է, և մենք ասենք` գիտեք ի՞նչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք։ Չի եղել գեթ մի դեպք։ Եվ գիտեք այդքան շահարկվող Су-30СМ-երը դրա ամենավառ ապացույցն են։ Բանակն ասել է՝ պետք է։ Ընդ որում, շատ կարևոր է. ես մի քանի գրություններ եմ ստացել այն մասին, որ պետք չէ դա ձեռք բերել և այլն: Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ գիտեք ինչ, կա պրոֆեսիոնալ մարմին, քննարկեք և պատասխան տվեք` ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ: Քննարկել են և գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կգնենք: Ես ուզում եմ` քննիչ հանձնաժողովն այդ հարցին պատասխանի։ Ես ուզում եմ և ակնկալում եմ, կարծում եմ՝ հանրությունն էլ, քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի բանակցային գործընթացը, ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե դա չուսումնասիրեն, չեն կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո: «Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի արձանագրվի, թե 2018 թվականին մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել: Եվ էական չէ նույնիսկ` ինչպես ենք ժառանգել։ Ի՞նչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում, որովհետև մինչև չխորանանք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմությունն էլ ակնկալում է, որ նույն խստությամբ կքննարկեն իշխանության գործողությունները, վարչապետը պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասում` ոչ։ Թող առաջինն ամենայն խստությամբ քննարկեն մեր գործողությունները, որևէ խնդիր չկա, ո՞վ է դրան դեմ: Եվ այդ ազդակը, որ մենք կարող է բոյկոտենք, թերևս առաջին հերթին այն մասին է, որ նրանք հրաժարվում են մասնակցել մեր իսկ գործողությունների՝ ամենախիստ ձևով քննությանը, որովհետև շատ լավ գիտակցում են, թե այդ քննության արդյունքում ինչ է լինելու: Ի վերջո, ասում են՝ գաղտնիք, գաղտնիք, բայց, ըստ էության, շատ գաղտնիք չկա, գաղտնիք կա դետալների մեջ, որովհետև շատ բան ասվել է հրապարակային, և իրենք են այդ բովանդակությունը ձևավորել: Իսկ ինչո՞ւ են հրաժարվում, երբ 2017 թվականի աշնանը Հայաստանի թիվ մեկ բանակցողի կողմից ասվում էր, որ մենք պատրաստակամ ենք 7 շրջանները հանձնել, բայց Ադրբեջանն ամեն անգամ նորանոր պահանջներ է առաջադրում: Թող հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել»,- եզրափակել է վարչապետը:

 

Տեսանյութեր

Լրահոս