
Աֆղանստանի նահանգների կեսում թալիբների առաջնորդը ղեկավարներ է նշանակել

«Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախուդզադեն օգոստոսի 15-ին շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաքը գրավելուց հետո առաջին անգամ երկրի 34 նահանգներից 17-ում ղեկավարներ է նշանակել։
Ինչպես նոյեմբերի 7-ի երեկոյան հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Բիլալ Քարիմին, թալիբների առաջնորդի հրամանագրով նահանգապետեր են նշանակվել Բադախշանի, Պակտիայի, Քաբուլի, Քունդուզի, Բաղլանի, Լոգարի, Պակտիկայի, Բամիանի, Ուրուզղանի, Ֆարահի, Սարի-Փուլի, Ջաուզջանի Ֆարիաբի, Մայդան Վարդաքի, Զաբուլի, Նիմրոզի, Ղազնիի նահանգներում:
Twitter-ում զետեղված Քարիմիի հաղորդագրության մեջ նշվում է, որ առանձին նահանգներում հրամանագրերով նշանակվել են նաեւ նահանգապետերի տեղակալներ եւ ոստիկանության պետեր:
Սեպտեմբերի 7-ին թալիբները հրապարակել են 33 մարդուց բաղկացած իրենց կառավարության կազմը, որի մեջ մտել են բացառապես «Թալիբան» շարժման ներկայացուցիչները: Թալիբների կաբինետի ղեկավար է նշանակվել Մուհամադ Հասան Ախունդը, նրա առաջին տեղակալ՝ մուլլա Բարադար Ախունդը, վարչապետի երկրորդ տեղակալ՝ մավլավի Աբդուլ Սալամ Խանաֆին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: